Վահե Գրիգորյանն այսօր ներկա է եղել ՍԴ-ում աշխատակարգային նիստի սկզբին, հետո չի ցանկացել մասնակցել

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն այսօր ներկա է եղել ՍԴ-ում տեղի ունեցած աշխատակարգային նիստի սկզբին, որից հետո չի ցանկացել մասնակցել։

Ա. Պետրոսյանի խոսքով՝ դատարանը շարունակում է աշխատանքները բնականոն կերպով. «Մենք ունեինք մոտ մեկ տասնյակ գործեր, որոնց վերաբերյալ ընդունեցինք սահմանված կարգով որոշումներ»։

Հարցին՝ Վահե Գրիգորյանի՝ երեկ՝ ԱԺ-ում արված հայտարարությունների մասին քննարկում եղե՞լ է, Արևիկ Պետրոսյանը պատասխանեց, որ այդ թեմայով հանդիպման նախաձեռնություն Վահե Գրիգորյանը չի ունեցել, եթե ունենա, պատրաստ են հանդիպել և քննարկել։

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը մասնավորապես ասել էր, որ Սահմանադրական դատարանի կազմում այս պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը։

Կարդացեք նաև

«ՍԴ-ն իր աշխատակարգային նիստում հարցեր է քննարկում և որոշումներ կայացնում կոնկրետ աշխատակարգով սահմանված ժամկետներում և ընթացակարգով. ՍԴ-ն իրավունք չունի այդ ժամկետները խախտելու»,- ասաց Արևիկ Պետրոսյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի գործը ՍԴ ուղարկելն արագացրեց դատարանի վերաբերյալ այս իրավիճակը։

Հիշեցնենք, որ այսօր ՍԴ դիմաց տեղի է ունեցել նաև բողոքի ակցիա՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջով։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս