«Բարձրագույն դատական խորհուրդն այն մարմինը չէ, որը պետք է որոշի, թե երբ, ոնց, ինչ եղանակով պետք է վեթինգն անցկացվի»

«Բարձրագույն դատական խորհուրդն այն մարմինը չէ, որը պետք է որոշի, թե երբ, ոնց, ինչ եղանակով պետք է վեթինգն անցկացվի: Դրա որոշելը այլ իշխանության ճյուղերի գործառույթ է: Նրանց որոշումները պետք է ունենան համապատասխան օրենքի տեսք, մենք էլ պարտավոր կլինենք կատարել ամենայն բարեխղճությամբ և ազնվությամբ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲԴԽ անդամի թեկնածու Վիգեն Քոչարյանը՝ մեկնաբանելով 168.am-ի հարցը, թե ինչպե՞ս պետք է ԲԴԽ-ն իրականացնի վեթինգը:

Մեր դիտարկմանը, որ դատարաններում արդեն ճգնաժամ է, գործերի քննությունը հնարավորինս հետաձգում են, անգամ Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնն է ձգձգում փորձաքննություններ իրականացնելը, Վ.Քոչարյանը պատասխանեց.

«Իրավիճակը, որն այս ոլորտում գոյություն ունի, մենք չենք կարող դրական համարել: Հենց դրանով է պայմանավորված համապատասխան բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունն ու հրամայականը: Կարող է տարբեր դրսևորումներ ունենալ այդ ճգնաժամը: ԲԴԽ-ում, օրինակ, որոշումներ կայացնելու համար քվորումի խնդիր կա: Պետք է անդրադառնալ յուրաքանչյուր հարցին և կարճաժամկետ ու երկաարժամեկտ լուծումներ գտնել»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է. «Ես հաստատում եմ, որ, ամենայն հավանականությամբ, վեթինգ իրականացնող մարմինը լինելու է հենց ԲԴԽ-ն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս