«Վեթինգ իրականացնող մարմինը լինելու է հենց ԲԴԽ-ն». Լիլիթ Մակունց

Արդարադատության համակարգում վեթինգը կիրականացվի Բարձրագույն դատական խորհրդի կողմից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Վեթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու հայտարարությունն անելուց անմիջապես հետո խմբակցությունում ակտիվորեն զբաղվում ենք վեթինգի գործընթացով: Քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե ո՞րն է ամենաարդյունավետ ճանապարհն այն իրականացնելու համար՝ սկսել նախագծով կամ այլ ճանապարհով:

Այժմ աշխատում ենք նաև նախագծի վրա: Մանրամասներն այս պահին չեմ հրապարակի: Մինչև ամսվա վերջ այդ թեմայով հրապարակում արդեն կլինի, թե ինչպես ու ինչ ուղիներով ենք պատկերացնում վեթինգի ճանապարհային քարտեզը: Ես հաստատում եմ, որ, ամենայն հավանականությամբ, վեթինգ իրականացնող մարմինը լինելու է հենց ԲԴԽ-ն»,- ասաց Մակունցը:

Անդրադառնալով Ազգային ժողովի մյուս 2 խմբակցությունների կողմից վեթինգի իրականացման օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներին, նա նշեց, որ գրավոր կերպով առաջարկներ չեն ստացել, բայց առանձին պատգամավորներ իրենց մտքերն ու տեսակետներն են հայտնել:

«Գրավոր կերպով առաջարկ չենք ստացել ո՛չ «Բարգավաճ Հայաստան», ո՛չ էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, բայց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առանձին պատգամավորների հետ եղել են մասնավոր քննարկումներ, և համաձայնեցում մասնավորապես այն հարցի վերաբերյալ, որ, երբ մենք արդեն ունենանք փաստաթղթի նախնական տարբերակը, իրենք առաջարկներ կներկայացնեն, օրինակ՝ վեթինգի անցկացման չափանիշների հետ կապված»,- նշեց պատգամավորը:

 

Տեսանյութեր

Լրահոս