«Ես չեմ բացառի, որ վաղը ՍԴ դռներն այնպես կփակվեն, որ պարոնայք Թովմասյանը և մյուսները չկարողանան մտնել ՍԴ շենք». Ռուբեն Սահակյան

«ՍԴ դիմելու համար հիմք էր նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, որտեղ քննարկման առարկա էին դարձել Քրեական օրենսգրքում կատարվող փոփոխությունները, մասնավորապես՝ 225 և 300 հոդվածը, արձանագրել էր, որ փոփոխությունների միջոցով հնարավոր կլինի 300 հոդվածի հատկանիշներով հարուցված ընդդիմության 7 ակտիվիստների նկատմամբ առկա քրեական գործը կարճել։ Այս բանը գիտի դատավոր Դավիթ Գրիգորյանը, նա գիտի մեր և Դատախազության կարծիքները, նա գիտի, որ մենք նաև ներկայացնում ենք 2009թ. մարտի 31-ի Գլխավոր դատախազության 6 դատախազների կողմից կայացված որոշումները՝ համաձայն որոնց՝ դադարեցվել է նշածս 7 ակտիվիստների քրեական հետապնդումը։ Այսինքն՝ դատարանն ընդունել է, որ 300.1 հոդվածով սահմանված արարքը հանցագործություն է համարվում 2009թ. մարտի 24-ից»,- այսօր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց նրա փաստաբան Ռուբեն Սահակյանը։

Նա նշում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից Հայաստանի դեմ եղել է մի նախադեպային որոշում՝ «Հարություն Հարությունյանն ընդդեմ Հայաստանի»։ Ընդ որում, այդ գործով անցել է ոչ միայն Հարություն Հարությունյանը որպես զոհ։

«Եվս 18 հոգի դիմել է ՄԻԵԴ, այսինքն՝ 19 հոգի դիմել են և ասել՝ արարքը, որի մեջ մեղադրում են մեզ այսօր, (խոսքը 2006թ. մասին է) հանցագործություն չի համարվել։ Եվ ՄԻԵԴ-ը որոշել էր, որ ճիշտ է, չի համարվում, և յուրաքանչյուր դիմողի համար 6000 եվրո փոխհատուցում էր նշանակել, և պլյուս՝ 10000 եվրո էլ բոլորին համատեղ։ Ստացվում է 124 000 եվրո։ Հիմա արդյո՞ք չարժե վեթինգի ենթարկել այն դատավորներին, որոնք էդ 124 000-ը դրեցին մեր պետության, կառավարության, մեր՝ հարկատուներիս վզին։ Իհարկե, պետք է ենթարկեն։ Բայց այդտեղ հաստատվեց մի կարևորագույն փաստ, մի նախադասություն, որն իմ ելույթի մեջ պատրաստվում էի ներկայացնել դատարանին՝ «արարքը, որի կատարման մեջ մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել։ Նախադեպային որոշման մեջ Քոչարյան ազգանունը չկար, իհարկե։ Գրված էր՝ անձը։ Քոչարյանը նույնպես անձ է։

Այս բառերն ուղղակիորեն արձանագրված են ևս մեկ նախադեպային որոշման մեջ, բայց արդեն ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված, 2017 է. Էդգար Եղիազարյանի գործով։ Բայց այսօր այս բառերը թաքցվում են Վճռաբեկ դատարանի ներկայիս որոշման մեջ»,- ասաց Ռ. Սահակյանը՝ հիշեցնելով, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի ներկայիս նախագահ Լիլիթ Թադևոսյանն այն 6 դատախազներից մեկն է եղել, ովքեր 2009թ. դադարեցրել են նշված 7 անձանց նկատմամբ քրեական հետապնդումը, ով, փաստորեն, այն ժամանակ մեր ներկայիս դիրքորոշմանը համակարծիք է եղել։

Կարդացեք նաև

Փաստաբանը նշում է, որ սա կասկած առաջացրեց դատավոր Դավիթ Գրիգորյանի մոտ, և նա դիմեց ՍԴ, ինչն իր իրավունքն է, և ոչ ոք չի կարող բռնանալ դրա վրա։

«Բռնանալ կարող էին միայն մի կերպ, եթե Քրդատ օրենսգիրքը նախատեսած լիներ այդ գործողությունը վերաքննության կարգով բողոքարկելու ընթացակարգ։ Չկա։ Ո՞վ իրավունք տվեց բողոքարկել, և ո՞վ իրավունք տվեց դատավոր Դանիելյանին այդ բողոքը վարույթ ընդունել։ Միայն նրա անձի կերպարը, ինչի վերաբերյալ մենք մեր կարծիքը հայտնել ենք, և որը Հայաստանի փաստաբանների 90 տոկոսի կարծիքն է նաև։

Մեզ միացավ նաև տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը և իր կարծիքը հայտնեց դատավոր Դանիելյանի անձի վերաբերյալ։ Ընդ որում, ես այն կարծիքին եմ, որ դատավոր Դանիելյանը բավականին բարձր պրոֆեսիոնալ է իր մասնագիտության մեջ։ Այլ հարց է մարդկային հատկանիշները. Կարողանո՞ւմ է նա օրենքը ճիշտ կիրառել, թե՞ անընդհատ քիթը պահում է այն ուղղությամբ, թե ինչպես է մտածում ժամանակի իշխանությունը»,- ասաց Ռուբեն Սահակյանը՝ հավելելով, որ ժամանակին, երբ չկար գործերի համակարգչային մակագրում, փաստաբանները դիմում էին ու խնդրում, որ իրենց գործը չմակագրվի դատավոր Դանիելյանին, ինչը խոսում է այն մասին, որ այս անձնավորությունը հիմնականում պատվեր է կատարում, և բավական է՝ զգա Դատախազության դիրքորոշումը, կայացնում է նրանց հաճո որոշում։

Ռուբեն Սահակյանն անդրադարձավ նաև երեկվա որոշմանը։

«Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ սա պլանավորված գործողություն էր։ Նախապես որոշված էր, որ դատավորը մի քանի անգամ հարցերը կկրկնի։ Երբ նա անընդհատ նույն հարցը տալիս էր Հ. Խուդոյանին, ես Ալումյանի ականջին շշնջացի՝ այստեղ մի բան կա։ Բայց ես չէի պատկերացնում, որ այս աստիճանի լկտիություն կլինի վերաքննիչ դատարանի անդամի կողմից։ Ես համոզվեցի, որ նա նախապես էր պատրաստել այս գործընթացը։ Ես ամբողջությամբ վերծանել եմ ու հասկացել, որ պարոն նախագահողը հետևյալ բառերն է ասում՝ «հիմա դատարանը, դատարանը, տեղում խորհրդակցելով, իրավիճակի իր դիտարկումը կանի 1-2 րոպեից»։

Բայց նա անմիջապես 5 վայրկյան հետո գլուխը կախեց ներքև և կարդաց՝ «հարկ եմ համարում արձանագրել, որ թեև մենք ընթացակարգ էինք սահմանել… և այլն… Այսինքն՝ 5 տող արդեն պատրաստի ուներ գրված։ Ե՞րբ էր գրել դրանք։ Չէ՞ որ նա դեռ չէր լսել դատախազներին և չէր լսել տուժողների կարծիքը։ Ե՞րբ էր գրել… Իհարկե, վաղօրոք։ ո՞ւմ հետ էր համագործակցել, չգիտեմ, չեմ կարող բարձրաձայնել, որովհետև չեմ կարող ապացուցել»։

Փաստաբանը հիշեց նաև, որ, երբ ինքը Դատալեքսում կարդաց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը, այնտեղ գտավ տողեր, որտեղ ուղղակիորեն նշմարվում էր, որ հաջորդ որոշումը լինելու է ՍԴ դիմելու մասին որոշումը։

«Դրան հետևեց հաջորդ օրվա վարչապետի ելույթը, իսկ հաջորդ օրն «ինքնաբուխ կերպով» շրջափակվեցին մեր դատարանները, և ձախողվեց։ Սահմանադրական կարգը խախտվեց, տապալվեց։ Այս երկու եզրույթների միջև էական տարբերություն կա, և պատեհ առիթով կխոսենք այդ մասին։ Հետո եղավ բողոքարկման վերաբերյալ որոշումը, որն այսօր քննվում է Վերաքննիչում։ Հետո եղավ այն, որ մեր կողմից շատ հարգված մեր գործընկեր Վահե Գրիգորյանն ինքն է ասում, որ ՍԴ նախագահն ինքն է։

Համոզված եմ՝ Ալումյանը կհիշի նաև Ջհանգիրյանի խոսքերը։ Սրանից հետևում է, որ հենց մեր իշխանությունը նեղն է ընկնում, սկսում են մտածել քայլեր։ Ես չեմ բացառի, որ վաղը ՍԴ դռներն այնպես կփակվեն, որ պարոնայք Թովմասյանը և մյուսները չկարողանան մտնել ՍԴ շենք։ Դա կատարվում է այն դեպքերում, երբ որ վտանգ են տեսնում Քոչարյանի գործով, այն իմաստով, որ մտածում են՝ ո՞նց թե, ո՞նց կարող է Ռոբերտ Քոչարյանը գտնվել ազատության մեջ»։

Իր խոսքի վերջում Ռուբեն Սահակյանն ասաց.

«Մեր առաջին ասուլիսի ժամանակ մենք ասացինք, որ ինչ-որ տեղ ուրախ էինք, որ եկել է նոր իշխանություն, նոր ուժ։ Մենք երազում ենք, որ անձը մեղադրվի և դատապարտվի միայն այն արարքի համար, որ ինքը կատարել է։ Այսօր այդ երազանքներն ի դերև եղան։ Այսօր այնպիսի մի իրավիճակ է ստեղծվել, որ ցանկացածս կարող ենք հայտնվել մեղադրյալի կարգավիճակում, և Դատախազությունը կասի՝ մեղավոր է։ Ինչո՞ւ։ Որովհետև Դատախազությունում կան մարդիկ, ովքեր մտածում են, որ իրենց չեն ուզում, որ իրենք մնան այդ տեղում։Եվ որպեսզի անկաշկանդ մնան իրենց տեղում, որպեսզի տրանսպարանտներ չլինեն, ծաղկեպսակներ չդնեն, նրանք պատրաստ են ծառայել բոլորին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսը

Gepostet von Sputnik Արմենիա am Freitag, 21. Juni 2019

 

Տեսանյութեր

Լրահոս