«Թուրքիան ու Ադրբեջանը նոր ռազմական սադրանք են նախապատրաստում». Ադրբեջանագետ
«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը և դրան հետևած Մինսկի խմբի համանախագահողների կողմից կրկին համահարթեցնող հայտարարությունը ադրբեջանական միլիտարիզմին խրախուսում է անցնել կոնկրետ գործողությունների»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ, «Ադրբեջանահայերի ասամբլեա» փախստականների հ/կ նախագահ Գրիգորի Այվազյանը:
«Ադրբեջանը բավականաչափ մեծ պատկերացումներ ունի իր ներուժի վերաբերյալ: Կապիկին էլ կարելի է հրազեն տալ, բայց նա ի՞նչ կարող է անել՝ իհարկե, ինքն իրեն կրակել: Այս պարագայում կուզեի շնորհավորել վերջին զինավարժությունների ժամանակ Ադրբեջանի Պաշտպանության նախարարի «փայլուն» գործողությունը (հիշեցնենք, որ «Ազադլըխ» («Ազատություն») թերթի գլխավոր խմբագիր Գանիմաթ Զահիդն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում նշում է, որ 6 օր առաջ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը «լուրջ հաջողությունների է հասել» և հրթիռակոծել Գանձակը (Գյանջա):
Հուսով եմ, որ ավելի մեծամասշտաբ զորավարժությունների ժամանակ այս անգամ կործանարար հարված կհասցնեն Բաքու մայրաքաղաքին: Այդ պարագայում շատ քիչ բան կունենանք անելու: Այս ժամանակահատվածում զորավարժություններ են տեղի ունենում Իգդիրում: Իրականում Թուրքիան ու Ադրբեջանը նոր ռազմական սադրանք են նախապատրաստում: Ադրբեջանը վերադարձել է իր շանտաժի քաղաքականությանը, և համանախագահողների հայտարարությունները եթե չեն հասցեագրվում ագրեսորին՝ Ադրբեջանին, ուրեմն քարտ-բլանշ են տալիս հանցավոր գործողություններին: Իսկ մենք ի՞նչ ենք անում, ժողովրդին պատրաստում ենք խաղաղության, բայց ո՞ւմ հետ, նրա, ով պատրաստվում է հարձակվե՞լ քեզ վրա: Այստեղ կարևորն այն է, որ անխտիր բոլոր կողմերը հասկանան, որ գտնվում ենք մի նավակում, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, և ցանկացած պատճառաբանությամբ այդ նավակը ճոճելը կարող է բերել խորտակման, որը ոչ ոքի շահերից չի բխում»,- հավելեց Գրիգորի Այվազյանը:
Նա հորդորեց զգուշավոր և զուսպ լինել Հայաստան-Արցախ հարաբերություններում:
«Անհարթությունները ցույց չպետք է տան, Ադրբեջանում դրանից միայն ոգևորվում են»,- նկատեց ադրբեջանագետը:
Ինչ վերաբերում է հունիսի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ու ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպմանը՝ Գրիգորի Այվազյանը նշեց.
«Երբ Բոլթոնը եկավ տարածաշրջան՝ իրար հետևից բավականաչափ ոչ միանշանակ հայտարարություններ էր անում: ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար կարևոր է բիզնեսում գործելը, ոչ թե մեծ քաղաքականության մեջ: Այսինքն՝ իրենց համար միևնույն է, թե ում զիջումների հաշվին այս գլխացավանք հանդիսացող հարցը կփակեն: Նրանք չեն փորձում խորանալ հարցի պատճառահետևանքային խնդիրների մեջ»:
Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
Քննարկվել են շփման գծում հանդիպմանը նախորդող շրջանում արձանագրված լարվածությանը և դրա հաղթահարմանը և ըստ այդմ խաղաղության նպաստող միջավայրի վերահաստատմանն առնչվող հարցեր: Հայկական կողմն ընդգծել է հրադադարի ամրապնդման և լարվածության ռիսկերի նվազեցման միջոցների իրականացումը՝ միջադեպերի կանխարգելման և արագ արձագանքման համար: Վերահաստատվել են նաև խաղաղ գործընթացում հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները և մոտեցումները:
Անի Կարապետյան