Բաժիններ՝

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային երեք մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Եվրոպական միության կողմից առաջիկայում Հայաստանում իրականացվելիք և ՀՀ կառավարության հաստատած 13 մլն եվրո արժողությամբ զբոսաշրջության զարգացման ծրագիրը ներառելու է հյուսիսային երեք մարզերը ՝ Շիրակ, Լոռի և Տավուշը։ Այս մասին հունիսի 16-ին, Աշոցքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Հուսով եմ, որ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին արդեն մենք կկարողանանք սկսել այդ լայնածավալ ծրագիրը, որի արժեքը հասնում է 13 միլիոն եվրոյի և հիմնականում միտված է զբոսաշրջության խթանմանը: Արդեն Շիրակի մարզպետի հետ քննարկումներ սկսել ենք, որպեսզի նրա կարծիքն էլ իմանանք, թե ինչպես լավագույնս կարող ենք ծախսել այդ գումարը: Կես միլիոն եվրո պահուստավորված է ձմեռային մարզաձևերի կենտրոնի համար, ես լիահույս եմ, որ այդ կենտրոնը կտեղակայվի մոտավորապես այս տարածքում՝ Շիրակի հյուսիսում և կամրապնդի Աշոցքի՝ Հայաստանի ձմեռային մարզաձևերում ունեցած դերակատարումը»,-նշեց դեսպանը։

Նա վստահեցրեց, որ այս 13 մլն եվրո գումարի շրջանակներում փոքր ձեռնարկատերերը հնարավորություն կունենան ստանալ փոքր դրամաշնորհներ՝ զբոսաշրջության խթանման նպատակով: «Մենք մեծ հույս ենք կապում այս երեք մարզերի մարզպետների հետ, որպեսզի նրանք մեզ ուղղորդեն ու ոգեշնչեն այդ գումարը լավ ծախսելու համար: Անշուշտ, մի քանի տարի կպահանջվի արդյունքների տեսանելի լինելու համար, ուստի, պետք է համբերատար լինեք: Բայց մենք շարժվում ենք այս ուղղությամբ: Հուսով ենք, շուտով կստորագրենք պայմանագիր մեր գործընկեր կառույցի՝ Գերմանիայի զարգացման գործակալության հետ: Ես երազում եմ, որ աշնանը հիմնական աշխատանքները սկսվեն»,- հավելեց Պյոտր Սվիտալսկին:

Այս պահին Եվրամիությունը ՀՀ կառավարության հետ քննարկում է նաև համայնքների աջակցության ծրագիր: Այն լինելու է ՀՀ-ԵՄ 2019 թվականի գործողությունների ծրագրում: «Այս ծրագրի մանրամասները դեռ չեմ կարող բացահայտել, քանի որ դեռ ՀՀ կառավարության հետ քննարկումների փուլում ենք, բայց մենք ուզում ենք, որ գումարն անմիջապես ուղղորդենք տեղական համայնքներին՝ գյուղերին և քաղաքներին: Հայաստանում իմ գործունեության առաջին իսկ օրվանից դա ինձ համար եղել է առաջնահերթություն՝ նախագծերը կենտրոնացնենք Երևանից դուրս՝ մարզերում, տեղական համայնքներում: Ինձնից կախված ամեն ինչ արել եմ, և լիահույս եմ, որ այս ծրագիրը լավ կիրականացվի»,- հավաստեց դեսպանը:

Անդրադառնալով Հայաստանին դատաիրավական համակարգի բարեփոխման նպատակով հավելյալ 25 մլն եվրո տրամադրելու հանգամանքին՝ նա նշեց. «Այո՛, Հայաստանը ստացել է 25 մլն եվրո: Դա քաղաքական որոշում է, որովհետև դա արտացոլում է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների՝ Եվրամիության կողմից դրական գնահատականը: Այժմ ձեր կառավարության հետ քննարկում ենք, թե ուր ուղղորդել այդ գումարը, և դա պետք է շատ արագ որոշենք, քանի որ դա հրատապ գումար է՝ արագ պետք այդ 25 մլն հատկացվի ինչ-որ նպատակների: Եվրոպական միությունը աջակցում է Հայաստանին արդարադատության բարեփոխումներին և պատրաստ է ցուցաբերել աջակցություն: Մենք սպասում ենք կառավարության նախաձեռնությանը և սպասում ենք, որ կառավարությունը կներկայացնի համապարփակ և հստակ ծրագրեր: Մեր ներքին ծրագրավորման մեջ, սակայն, մտածում ենք, որ կարողանալու ենք բավական զգալի գումար հատկացնել արդարադատության բարեփոխումներին, բայց, նախաձեռնությունն հիմա կառավարությանն է»:

Վերջում պատասխանելով լրագրողների՝ Հայաստանի նոր կառավարության հետ ԵՄ համագործակցությանը հետ կապված հարցին, դեսպանը նշեց. «Ստիպում եք ինձ պատասխանել այնպես, ինչպես Ֆեդերիկա Մոգերինին. «Մենք այս կառավարությն հետ ունենք գերազանց հարաբերություններ և բավարարված ենք թե ինչպես ենք առաջ շարժվում մեր միասնական օրակարգով»»:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս