Գագիկ Ծառուկյանը նորից հրավիրվել է հարցաքննության. ՔԿ. «Փաստինֆո»
ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ նորից հրավիրվել է հարցաքննության։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։
Նրա փոխանցմամբ՝ հարցաքննության կանչվելու գրությունն ուղարկվել է Ազգային ժողով:
Ավելի վաղ հայտնել ենք, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանին հարցաքննության կանչելու շարժառիթը Ազգային ժողովում նրա արած հայտարարություններն են Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի շտաբներից մեկի պետի ավտոմեքենայի եւ բնակարանի դուռը հրկիզելու դեպքով հարուցված քրեական գործի մասին։ Ծառուկյանը մասնավորապես ասել էր. «Պետք է բացահայտվի և մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն։ Հենց սրանք են «մուտիլովչիկները», որոնք այդպիսի քայլերի են գնում։ Դա շինծու, սարքած գործ էր։ Վարչապետը պետք է պարտադրի, որպեսզի այդ գործը բացահայտվի»։