
Բնության հատուկ պահպանվող տարածքների օպերատորներին փոխանցվել է հակահրդեհային նշանակության 4 ամենագնաց

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) վերադաս խորհրդի նախագահ Դեվիդ Մորիսոնին, գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին, KfW (Գերմանական զարգացման բանկ) էներգետիկ և բնական ռեսուրսների դեպարտամենտի պետ Թոմաս Այզենբախին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհավորելով հյուրերին Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի գործունեության 10-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ նախարար Էրիկ Գրիգորյանը շեշտել է, որ հիմնադրամի հետ համագործակցությունը շոշափելի արդյունքներ է ունեցել Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանության աշխատանքներում։
Դեվիդ Մորիսոնն էլ իր կողմից է գոհունակություն հայտնել 10 տարվա արդյունավետ համագործակցության համար։
Հանդիպումից հետո տեղի է ունեցել CNF հիմնադրամի դրամաշնորհային միջոցներով ձեռք բերված հակահրդեհային սարքավորումներով հագեցած 4 ամենագնացների` բնության հատուկ պահպանվող տարածքների օպերատորներին հանձնման արարողությունը։