«ԲԴԽ կազմը նշանակվել էր որոշակի իշխանական ազդեցության միջոցով». Գրիգոր Բեքմեզյան

«Իմ կարծիքով՝ հրաժարականների շարանն արդեն հուշում է, թե ինչպես է աշխատել Բարձրագույն դատական խորհուրդը, այսինքն՝ եթե իրենք էլ հասկանային, որ իրենք լավ են աշխատել և արդյունավետ, չէր լինի այս հրաժարականների շարանը, և չէր լինի այս կոնֆլիկտը դատարանների և ԲԴԽ-ի միջև: Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ ԲԴԽ-ն բավականին գործ արել է այս ընթացքում՝ կապված ներքին ընթացակարգերի, ենթաօրենսդրական ակտերի ձևավորման հետ, Խորհրդի ձևավորման հետ։

Մեկ տարի է, որ աշխատում են, դա բավարար չէ, որ կարողանանք վերջնական գնահատական տալ, բայց փաստ է, որ մենք ունեցանք դատական համակարգի ճգնաժամ, և այդ ճգնաժամի մեջ մեղադրում էին նաև ԲԴԽ-ին, այսինքն՝ ամբողջովին արդյունավետ համարել ԲԴԽ աշխատանքը մենք չենք կարող»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը:

Ըստ նրա՝ ԲԴԽ կազմը նշանակվել էր որոշակի իշխանական ազդեցության միջոցով, բայց երկրում փոխվել է իշխանությունը, և փոխվել է մոտեցումը դատական համակարգի հանդեպ, առաջացավ անջրպետ, երբ դատական համակարգն այլևս ցուցում չստացավ իշխանությունից ու սկսեց մտածել, թե ումից պետք է ստանա, բայց քանի որ թերություններով հանդերձ՝ դատական համակարգը կայացած էր, ապա չհանդուրժեց վերահսկողությունը ԲԴԽ-ի կողմից:

Այժմ, ըստ նրա, նախ և առաջ՝ պետք է կարգավորել ԲԴԽ և դատական խորհուրդ հարաբերությունները, որպեսզի դրանք լինեն՝ որպես մեկ միասնական համակարգ: Գ.Բեքմեզյանը երաշխավորեց, որ ինքը լինելու է անկախ, իսկ ճնշումների դեպքում առաջինն ինքը կբարձրաձայնի դրանց մասին։

Տեսանյութեր

Լրահոս