«Իմ քայլը» փակ հանդիպում է անցկացնում ԲԴԽ անդամության թեկնածու Գրիգոր Բեքմեզյանի հետ

Ազգային ժողովում այս պահին «Իմ քայլը» խմբակցությունը փակ հանդիպում է ունենում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանի հետ: ԲԴԽ անդամի ընտրության հարցը կքննարկվի ԱԺ հերթական նիստերի՝ հունիսի 20-ի առաջին նիստում:

ԲԴԽ անդամի պաշտոնը թափուր է մայիսի 24-ից՝ Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո: Մինչ այժմ հրաժարական են ներկայացրել ԲԴԽ ընդհանուր թվով 5 անդամներ, այդ թվում՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը: Գ.Հարությունյանին և Գ.Դանիելյանին առաջադրել էր Ազգային ժողովը, և այժմ, բացի Բեքմեզյանից, ԱԺ-ն պետք է առաջադրի ևս մեկ թեկնածուի: «Իմ քայլը» խմբակցությունը, սակայն, երկրորդ թեկնածուի հարցը դեռ չի քննարկել:

ԲԴԽ անդամության թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը Երևանի Պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է (1999թ.), իրավաբանական գիտությունների թեկնածու: Վերապատրաստումներ է անցել ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Բերկլիի համալսարանում, Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի համալսարանում, Կենտրոնական Եվրոպական համալսարանում՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:

ԵՊՀ պաշտոնական կայքէջում տեղադրված կենսագրական տեղեկությունների համաձայն՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ է, Փաստաբանների պալատի և Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի անդամ: Նա նաև «Բեքմեզյան» ՍՊԸ տնօրենն է:

 

Տեսանյութեր

Լրահոս