ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ Միքայել Մինասյանի հոդվածի թեզերի մասին
Հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետության վերաձևման մասին գաղափարները փորձագիտական լուրջ հարթակի քննարկման հարցեր են։ Հարաբերություններում հիմնական հաստատունները պահելով՝ կարելի է քննարկել վերաձևումների բազմապիսի տարբերակներ։ Սա Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի կարծիքն է Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակած՝ «Երկու պետություն՝ մեկ նպատակ. Հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն»-ը հոդվածում արծարծված գաղափարների մասին։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանն իր հոդվածում նշել էր. «Հայ-ռուսական հարաբերություններն այսօր ապագային միտված ռազմավարական վերանայման կարիք ունեն։ Անհրաժեշտ է այդ փոխգործակցության բոլորովին նոր ճարտարապետություն, որի հիմքում ընկած կլինի Հայաստանի իրական և Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունների ներդաշնակ համադրումը»։
«Ես կարծում եմ, որ մեր հարաբերություններում կան հաստատուններ՝ Ռուաստանին պետք է Հայաստանը, Հայաստանին պետք է Ռուսաստանը, և, բնականաբար, մենք հետաքրքրված ենք, որ Հայաստանը լինի ուժեղ, ծաղկող երկիր, մենք նրան դիտարկում ենք՝ որպես հուսալի գործընկերոջ։
Մեր հարաբերությունները կարևոր են նաև մեր երկու պետությունների քաղաքացիների համար։
Այս պարամետրերի շրջանակներում գուցե հնարավոր է խոսել մեր հարաբերությունների կատարելագործման կամ փոփոխությունների մասին, բայց կարևորը, որ հաստատունները մնան, մեր հարաբերությունների հիմքը մնա։ Եթե դա կա, իհարկե, կարելի է քննարկել բազմապիսի տարբերակներ»,- նշեց դեսպանը՝ հայ-ռուսական հարաբերությունների վերաձևումներին անդրադառնալով։
Զարուհի Դիլանյան