Բաժիններ՝

Մարդը սկսում է մահանալ, երբ չի սիրում, և իրեն էլ չեն սիրում

Պարզ, արևոտ ու շատ խաղաղ օր էր, երբ հանդիպեցի Սիրարփի Ադամյանին։ Պարզ, արևոտ ու շատ խաղաղ էր նա, երբ խոսում էր, ժպտում, երբեմն՝ նկատելիորեն հուզվում հարցերիս պատասխանելիս։

«Կենաց ծառը» նախագծի նոր հյուրը առավելապես հայտնի է նորաձևության ոլորտում ծավալած գործունեությամբ․ ինքս միայն հանդիպման ժամանակ պարզեցի, որ Սիրարփին զբաղվում է նաև լրագրությամբ և վավերագրական ֆիլմերով՝ սցենարներ է գրում։
Մի բան ակնհայտ է՝ Սիրարփին ճախրող է։ Ուր էլ լինի, ինչ էլ որ անի՝ այնտեղ կլինի ճախրանք ու սեր։ Այդպիսին է իր բովանդակությամբ, ինչը արտացոլվել է նաև մեր զրույցում․․․

Երբ ես ծնվեցի, ամառը նոր էր սկսվել. տաք էր արդեն, բայց շոգը դեռ չէր նեղացնում մարդկանց և բնությանը: Ինձ թվում է՝ տարվա այդ շրջանում ծնված լինելս որոշիչ է եղել իմ էության կայացման հարցում․ այնպիսի մարդ եմ, ում կողքին լինելը ջերմ է, բայց ոչ երբեք այրող (ժպտում է,-հեղ․)։ Լույս աշխարհ գալուս համար պարտական եմ մորս․ ընտանիքում երրորդ և վերջին աղջիկն եմ, մյուսներից բավական ուշ եմ ծնվել, և մայրս է պնդել, որ անպայման ծնունդ տա ինձ։ Իհարկե, հետո հայրս ամենաշատն ինձ էր սիրում, իր ընկերներ էի (ծիծաղում է,-հեղ․)։

Հայրս ինձ համար իդեալ է, առաքինության օրինակ, մայրս՝ արդարության, բնականաբար, նրանք ունեն իրենց մարդկային թերությունները, թուլությունները, բայց առաքինությունն ու արդարությունը դոմինանտում են նրանցում։ Այդպես էր մանկությանս տարիներին, այդպես է նաև այժմ։ Մշտապես ձգտել եմ հետևել նրանց օրինակին, թեև դա շատ դժվար է իրականում․ դժվար է արդար լինելը, չդատել․․․ Առաքինությունը, ազնվությունն ու արդարամտությունն այն հիմնական սյուներն էին և են, որոնց վրա կառուցված է բոլորիս փոխհարաբերությունները մեր ընտանիքի ներսում։ Եվ դա ծնողներիցս քաղած լավագույն դասն է նաև։

Մանկությունս անցել է Հրազդանում՝ հեռու մեծ քաղաքի վազքից ու խառնաշփոթից։ Ծնողներս այնտեղ էին տեղափոխվել աշխատանքի բերումով․ երկուսն էլ քաղաքում ճանաչված բժիշկներ էին, մինչև այժմ ապրում և աշխատում են այնտեղ։
Մեր ընտանիքը շատ խիստ արժեքների վրա էր կառուցված․ մշտապես իմացել եմ՝ ինչն է լավ, ինչն է վատ, բայց երբեք չեմ զգացել, որ ազատությունս սահմանափակված է, և դրանում է ծնողներիս ֆենոմենը (ժպտում է,-հեղ.)։

Մեր բնակավայրին մոտ փոքր եկեղեցի կար․ գործում էր, քահանա ուներ, եկեղեցական հիմնական տոները նշվում էին այնտեղ։ Հայրս մեզ տանում էր եկեղեցի՝ մասնակցելու դրանց։ Հիմա զարմանում եմ՝ ինչպես էին թույլ տվել դա խորհրդային ժամանակներում․ այո՛, ես այդքան մեծ եմ, որ իմ մանկության տարիները համընկել են խորհրդրայինին (ծիծաղում է,-հեղ․)։ Հայրս արմատներով Արևմտյան Հայաստանից է․ հավատն ու աստվածավախությունը դրանով է պայմանավորված։ Եվ երբ ինքս էի երեխա, Աստծո գոյության հարցը չէր էլ քննարկվում․ կասկածներ չունեի, ինքնս ինձ հարցեր չէի տալիս․ Նա պարզապես կար․․․

Աստծո հետ ավելի հստակ հարաբերություններ ձևավորվեցին, երբ արդեն բավականին մեծ էի, նույնիսկ ոչ երիտասարդ։ Այդ ժամանակ սկսեցի լրջորեն վերաբերվել հոգևոր աշխարհին․ տրվածը դրեցի մի կողմ, ինքս սկսեցի փնտրել ու հասկանալ։ Չեմ կարծում, որ հիմա ունեմ բոլոր պատասխանները, չեմ կարող տալ Աստծո սահմանումը․ պետք էլ չէ։ Միայն գիտեմ, որ Նրա հետ իմ հարաբերություններն այս աշխարհում ամենաանկեղծն են, ավելի անկեղծ, քան ինքս ինձ հետ ունեցածը։ Աստծուն կարող եմ ասել այն, ինչը նույնիսկ ինձ չեմ ասի։ Որովհետև ինքս ինձ թե ասեմ՝ ինձ կդատեմ, իսկ երբ Իրեն եմ ասում, գիտեմ՝ Նա չի դատում։ Եվ հարցը միայն մեղք գործելուն չէ, որ վերաբերում է, այլ անգամ նրան՝ թե ինչպես եմ իմ մեջ Իրեն վերաբերվում։

Հոգևոր կյանքիս վրա մեծապես ազդած մարդը հայրս է եղել՝ հիմնականում և ի սկզբանե։ Հետո, իհարկե, ամուսինս։ Եվ բոլոր այն մարդիկ, որոնց հանդիպել եմ մասնագիտության բերումով։ Ինչու եմ սիրում լրագրողի մասնագիտությունն ու ինչու սկսեցի զբաղվել դրանով, երբ մասնագիտական կրթությունս այլ ճանապարհ էր ենթադրում, որովհետև լրագրությունը հնարավորություն է տալիս անընդհատ հանդիպելու մարդկանց, որոնցից յուրաքանչյուրը տալու և սովորեցնելու բան ունի։ Այդպես տարիներ շարունակ հավաքել եմ հոգևոր կյանքիս խճանկարը՝ ինձ հանդիպած տաբեր մարդկանցից վերցնելով մի կտոր։

Իմ ստեղծած ընտանիքն ու ծնողներիս ընտանիքն այն ամենակարևոր երևութներն են, որոնք պայմանավորում են հոգեկան անդորրս։ Կենսագործունեությանս բոլոր ոլորտները սնվում են ընտանիքով։ Մյուս ամենաէական երևույթն ինձ համար ինքնաճանաչողությունն է, որն ընթանում է ամեն օր, և, կարծում եմ, երբևէ չի ավարտվելու։

Ինքնաճանաչումը շատ բարդ գործընթաց է․ միշտ չէ, որ դրական էմոցիաներ է տալիս, բայց այն պետք է․․․ Թեև ոչ բոլորրն են դրան պատրաստ, ոչ բոլորն են դա կարևորում, որովհետև դժվար բան է․ ինքնաճանաչման ընթացքում դու և՛ շատ լավ բաներ ես իմանում քո մասին, և՛՝ շա՜տ վատ բաներ։ Հետո ստիպված ես լինում անընդհատ որոշումներ կայացնել, ինչը շատ մեծ էներգիա է պահանջում։

Միգուցե ես ամենահավատավոր մարդը չեմ, ունեմ շատ թուլություններ ու թերություններ, որոնք ժամանակ առ ժամանակ գլուխ են բարձրացնում իմ մեջ, բայց միշտ աշխատում եմ դրանք շտկելու ուղղղությամբ։ Ամենաշատը դատելուս համար եմ նեղսրտում։ Բայց վստահ եմ, որ քրիստոնեությունն ավելի խորը ուսմունք է, քան լոկ կրոն՝ Աստծո մասին։ Եվ, ինչ-որ առումով, եսակենտրոն ուսմունք է, քանի որ երբ ասվում է՝ մի՛ դատիր, քեզ համար է ասվում, մի՛ դավաճանիր, մի՛ սպանիր՝ առաջինը քեզ համար։ Որովհետև դու ես կրելու արածիդ ծանրությունը։

Պատվիրանապահությունը նախ և առաջ հանուն քեզ է, հետո միայն շրջապատող մարդկանց։

Երբ մարդը քեզ լավություն է անում, ընդունված է համարել, որ դու պիտի շնորհակալ լինես, բայց, իմ խորին համոզմամբ, լավություն անողը պիտի շնորհակալ լինի, որ դիմացինն իրեն պատիվ է արել՝ թույլ տալով լավ բան անել իր համար։ Որպեսզի մեկը քեզ սիրի, նախ ինքդ պիտի բացես քո սիրտը նրա առաջ և ինքդ պիտի տաս քո սերը․․․

Մարդը սկսում է մահանալ, երբ չի սիրում, և իրեն էլ չեն սիրում։ Երբ գոյությունդ իմաստ չունի՝ ոչ քեզ է մի բան տալիս, ոչ՝ քեզ շրջապատողներին։ Ողջ ես, շնչում ես, բայց կյանքդ համ չունի։ Նման մարդկանց համար նորից ապրելու մի ճանապարհ կա՝ գտնել մեկին կամ ինչ-որ երևույթ ու նվիրվել անմնացորդ։ Թե կարողանան նվիրել իրենց ինչ-որ մի բանի՝ կվերագտնեն իրենց։

Դու ուզում ես երջանիկ լինել, դիմացինդ ևս դա է ուզում, բայց ի՞նչ ես անում դու՝ ուրիշի երջանկության համար։ Մարդիկ կարծում են, որ աշխատել պետք է աշխատանքի գնալիս միայն, իսկ իրենց ընտանիքի ներսում ոչինչ չպիտի անեն, միայն պիտի ստանան․ իրենց պիտի սիրեն, խնամեն, խնայեն․․․ Բայց եթե չես տալիս, սպասելն անարդար է, անազնիվ։ Չես կարող անընդհատ տալ՝ ոչինչ չստանալով։ Ամուսնական կյանքում ևս կարևորն այն է, որ երկուսն էլ հավասարապես ցանկություն ունենան իրար երջանկացնելու․․․

Մարդկության պատմության մի քանի հազարամյակը պարզապես չնչին է՝ հավերժության կտրվածքով։ Վերջերս տիեզերագոյացության վերաբերյալ հաղորդում էի դիտում, որում պատմվում էր տիեզերքի անցած ճանապարհի մասին․ մեր գոյությունը դրանում պարզապես ակնթարթային է։ Եվ զարմանում եմ, որ մարդիկ խիստ կարևորություն են տալիս անկարևորին, անցողկին։ Իրակականում միակ կարևոր բանը, որ կարող է մարդուն հուզել, միգուցե շատ պարզունակ հնչի, բայց սերն է։ Որովհետև մարդը գիտակցորեն կամ չգիտակցված կերպով ուզում է երջանիկ լինել, իրեն բավարարված զգալ, իսկ առանց սիրո դա հնարավոր չէ։ Եվ եթե քեզ սիրելուց բացի ուրիշ մեկին էլ ես սիրում, այդպիսով կատարում ես տիեզերական պարտավորությունդ․ ավել բան չես էլ կարող անել։

Մայրությունն եմ հրաշք համարում։ Երբ նայում եմ գրեթե իմ հասակն ունեցող երեխաներիս, ինձ բռնում եմ այս մտքի վրա՝ իմ միսն են, իմ արյունն են, բայց հոգին Աստված է տվել, և դա հրաշք է:

Կուզեի իմ ապագա սերնդի՝ ծոռներիս հետ զրուցելու հնարավորություն ունենալ։ Ամենաշատը դա է հետաքրքիր՝ ինչ է լինելու, հատկապես մեր ազգի շարունակականության, հայ լինելու մասով։ Կանխատեսումները բազմազան են, հաճախ՝ ոչ այնքան հուսադրող։

Հուսահատության պահերին զգայուն եմ դառնում արտաքին աշխարհի հանդեպ․ ցանկացած վատ ու տհաճ բան սկսում է ազդել ինձ վրա։ Նման պահերին Աստծո գոյության գաղափարն է ինձ փրկում, որովհետև երբ տեսնում եմ՝ ելքը չեմ կարողանում գտնել, մտածում եմ՝ միևնույնն է, այն կա։ Իսկ եթե ելքը կա, ավեն ինչ լավ կլինի, թե ես երբ կգտնեմ այն, էական չէ, կարևորը, որ այն կա, Աստված ինձ հետ է․․․

Սիրում եմ բոլոր այն մատուռներն ու եկեղեցիները, որոնք տուրիստական նշանակետ չեն, քիչ այցելուներ ունեն, կառուցված են Հայաստանի գողտրիկ լեռնալանջերում։ Շատ տարբեր ազգերի եկեղեցիներում եմ եղել, բայց մեր ճարտարապետական հանճարն ինձ բոլորովին այլ կերպով է հիացնում։ Մեր մամռակալած եկեղեցիներն այլ են․ այստեղ իսկապես կա Աստծո ներկայությունը։

«Մի՛ գողացիր»-ն իմ սիրելի պատվիրանն է, որովհետև այն ներառում է իր մեջ բոլոր մյուսները։ Երբ դատում ես, գողանում ես դիմացինիդ արդարանալու իրավունքը, երբ սպանում ես, գողանում ես դիմացինիդ կյանքը, երբ դավաճանում ես, գողանում ես դիմացինիդ վստահությունը․․․

Դրախտում Միքայել Ոսկանյանի երաժշտությունն է հնչում և կա մեկը, ում հետ կարող ես անվերջ զրուցել։ Դրախտն, իմ պատկերացմամբ, շատ լուսավոր է․ այնտեղ քաշ չկա, կա թռիչքի անսահամանափակ հնարավորություն․ բացարձակ անդորր է այնտեղ, վախ չկա։

Իմ խորին համոզմամբ՝ մարդիկ չեն փոխվել․ միգուցե մենք այլ կերպ ենք հագնվում, այլ բաներ ենք ուտում, տեխնոլոգիաներ ունենք ձեռքի տակ, մեր աշխատանքի բնույթն է փոխվել, բայց մարդն իր էությամբ նույնն է, ինչ նախնադարում ու միջնադարում էր։ Եղել են, իհարկե, մտքի և հոգևորության փայլատակման շրջաններ, բայց մարդը շարունակում է մնալ արյուռուշտ, ագահ, դաժան և ինքնակործանարար․․․

Թե Քրիստոս հիմա գա աշխարհ՝ նոր բան չի բացահայտի․ ձևը փոխվել է, բովանդակությունը՝ ոչ։ Եվ եթե դա հիմա լիներ՝ կփորձեի հայտնվել այնտեղ, որտեղ Ինքն է և հնարավորության դեպքում շատ ուշադիր կլսեի՝ ինչ է խոսում․ հարց չէի տա, չէի ունենա դրա հանդգնությունը (ժպտում է,-հեղ․)։

Հեղինակ՝ Ա․ Պողոսյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս