«Տղերք, ինչ որ անում եք, ճիշտ եք անում, միայն խնդրում եմ՝ գործեք սառնասիրտ և հանդարտ, առանց ավելորդ էմոցիաների ու ցուցադրողականության». Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի երեկվա ֆեյսբուքյան գրառումը բուռն քննարկումների առիթ է դարձել հարևան ոչ բարեկամ պետությունում և նաև առիթ՝ հերթական ռազմատենչ հայտարարությունների։

Ա. Հովհաննիսյանի գրառման մեջ մասնավորապես ասվում էր. «ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, ովքեր բարձր որակով են կատարել առաջադրանքը»։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն ինֆորմացիա էր հրապարակել այն մասին, որ շփման գծի տեղամասերից մեկում արձանագրվել է ադրբեջանցի զինծառայող Էլշան Խալիլովի մահը։

Այս տեղեկությունը, սակայն, Sputnik Армения-ի հետ զրույցում հերքել էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Ահա այն ամենը, ինչ ես կարող եմ ասել»,- հայտարարել էր Սենոր Հասրաթյանը։

Ադրբեջանական քարոզչամեքենան, իր առանցքում դնելով Սենոր Հասրաթյանի հերքումը, արդեն իսկ հայտարարում է, որ հրադադարի պայմանավորվածությունները խախտվում են հայկական կողմից, անձամբ վարչապետ Փաշինյանի հրահանգով, քանի որ Դավիթ Տոնոյանն առանց նրա՝ չէր համարձակվի նման քայլի գնալ։

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի համար լավ առիթ է ստեղծվել՝ ձեռքերն ազատելու և իրենց հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը հայկական կողմի վրա դնելու համար, ինչի մասին նրանք արդեն բացեիբաց հայտարարում են։

168.amՊաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանին խնդրեց մեկնաբանել Արծրուն Հովհաննիսյանի գրառումն ու դրա արձագանքները։

«Կարծում եմ՝ ՊՆ-ն անզգուշություն է ցուցաբերել պատասխան գործողության վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ: Մեր զինված ուժերը հակառակորդի ցանկացած ոտնձգությանը միշտ էլ արժանի պատժիչ հակահարված են հասցրել, սակայն միջազգային քաղաքականության տեսանկյունից  այն երբեք չի հանդիսացել Ադրբեջանի համար շահարկման առիթ: Դատելով Ադրբեջանի պաշտոնական արձագանքից՝ վերջիններս փորձելու են, այսպես կոչված, վերելակային պայմանավորվածությունների խախտման հարցում փաստարկված մեղադրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ իր շատ սիրելի և հարգելի Պաշտպանության նախարարությանը կոչ անելով չտրվել ՀՀ գործող քաղաքական իշխանությունների շոուասիրական անհեռանկար մղումներին:

«Տղերք, ինչ որ անում եք, ճիշտ եք անում, միայն խնդրում եմ՝ գործեք սառնասիրտ և հանդարտ, առանց ավելորդ էմոցիաների ու ցուցադրողականության»,- հավելեց ՊՆ նախկին փոխնախարարը։

Մեր այն հարցին, թե ինչ հետևանքներ սա կարող է ունենալ դիվանագիտական ու ռազմական գործողությունների վերսկսման առումով, Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ հետևանքները կլինեն այն, որ Ադրբեջանը մեղադրելու է հայկական կողմերին. Հայաստանին՝ ագրեսիայի ու հրադադարի ռեժիմի խախտման համար, իսկ Արցախյան կողմին անուղղակիորեն մեղադրելու են կեղծ տեղեկություններ տարածելու համար: Այս հայտարարություններն արտաքին քաղաքական նոր խոչընդոտներ կարող են ստեղծել խաղաղ կարգավորման համար:

«Վստահ եմ, որ սա ՊՆ նախաձեռնությունը չի, սա նոր իշխանությունների անհեռատես պոպուլիզմի դրսևորումներից մեկն է»,- եզրափակեց Արտակ Զաքարյանը։

Տեսանյութեր

Լրահոս