Արման Թաթոյանը Վրաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է Ախալքալաքի միջադեպի շրջանակում հայ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել գործընկերոջ՝ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ Ախալքալաքում մեր հայրենակիցների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Վրաստանի հանրային պաշտպանը տեղեկացրել է, որ միջադեպի հետ կապված հանգամանքներն առաջին իսկ պահից եղել են իր անմիջական ուշադրության ներքո։ Նա իր հատուկ ներկայացուցչին է ուղարկել Ոստիկանության բաժին, ապա հիվանդանոց։ Մեկ անձ գրեթե անմիջապես ազատ է արձակվել, մյուսը բուժում է ստանում հիվանդանոցում, որի պատճառով հնարավոր չի եղել առանձնազրույց ունենալ նրա հետ:
Նինո Լոմջարիան նշել է նաև, որ կշարունակի ուշադրության ներքո պահել հարցը:
«Որևէ խնդրի դեպքում մեր հայրենակիցները կարող են դիմել ինչպես Վրաստանի հանրային պաշտպանին, այնպես էլ մեզ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին»,- նշված է հաղորդագրության մեջ: