«Այնպես էր ստացվել, որ հաճախակի էի այցելում Վրաստան, ըստ երևույթին, դա անհանգստություն է առաջացրել, և ենթադրել են, որ գուցեև արդեն վտանգավոր եմ իրենց համար».  Աշոտ Մելքոնյան

Երեկ ուշ երեկոյան Վրաստանի սահմանային ծառայության աշխատակիցներն արգելել են Վրաստան մտնել ծնունդով Ախալքալաքից, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, Ախալքալաքի պատվավոր քաղաքացի Աշոտ Մելքոնյանին։ Վերջինս 168.amի հետ զրույցում ներկայացրեց դեպքի մանրամասները։

«Կարզախ գյուղի մոտ Թուրքիայից Վրաստանի Հանրապետություն մտնելիս թույլ չտվեցին՝ասելով, որ՝ նպատակահարմար չենք գտնում։ Երկու ժամ պահելուց հետո մեր Արտգործնախարարության և Վրաստանում մեր դեսպանության միջոցով հնարավոր եղավ, որ թույլ տան Վրաստանի տարածքով անցնեմ ու գամ Բավրայի անցակետ և էնտեղից վերադառնամ Հայաստան»,- ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ նման դեպք չէր եղել մինչ այժմ, ու պատճառներն էլ հայտնի չեն իրեն, միայն կարող է ենթադրել.

«Ես ենթադրում եմ, որ թյուրիմացության հետևանք է, որովհետև ես փետրվարի 4-ից  հաճախակի այցելել եմ։ Այդ մասին քանիցս ասացի, որ փետրվարի 4-ին եղբորս մոտ անբուժելի հիվանդություն հայտնաբերեցին, որից հետո ստիպված եղա ամեն շաբաթ- կիրակի այցելել նրան։ Մարտի 30-ին նա մահացավ, նրա վախճանից հետո՝ թաղում, քառասունք, Զատիկ, հետո իր ծնունդն էր մայիսի 24-ին, և ստացվեց այնպես, որ ես հաճախակի այցելեցի և, ըստ երևույթին, դա անհանգստություն առաջացրեց վրացական համապատասխան մարմինների կողմից, և ենթադրեցին, որ գուցեև արդեն վտանգավոր եմ իրենց համար, ինչն անհասկանալի է ինձ համար, որովհետև ես ընդգծված հայ-վրացական բարեկամության կողմնակից եմ եղել և վերջին շրջանում կազմակերպել եմ հայ-վրացական գիտաժողովներ մեր կոլեգաների՝  Վրաստանի պատմության ինստիտուտի հետ։ Հիմա էլ պատրաստում ենք Հայաստանի և Վրաստանի  հանրապետությունների 100-ամյակին նվիրված միջոցառում։

Հորաքրոջ տղաներ ունեմ վրացի՝ հորաքույրս վրացու հետ էր ամուսնացած, միշտ Վրաստանի հետ ջերմ կապեր եմ ունեցել, ուղղակի չհասկացա՝ ինչն էր պատճառը, և անհասկանալի է»։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս