«Ռուսաստանի հետ օրակարգը մնում է անփոփոխ». Զոհրաբ Մնացականյան

ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 73-րդ նստաշրջանում Հայաստանը ոչ թե ձեռնպահ է մնացել Աբխազիայում և Հարավային Օսիայում փախստականների կարգավիճակի վերաբերյալ Վրաստանի նախաձեռնած բանաձևին, այլ չի մասնակցել քվեարկությանը։ Այս ճշգրտումն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թ. բյուջեի կատարողականի  քննարկման ժամանակ արեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Կընդգծեմ, որ Հայաստանն ունի ռազմավարական գործընկերություն Ռուսաստանի Դաշնության հետ, ծավալուն օրակարգ, ձևավորված խորագույն հարաբերություններ, որի օրակարգը մնում է անփոփոխ, և մենք շարունակել ու շարունակելու ենք։ Եվ մեր կառավարության ծրագրում ընդգծված է այդ գերակայությունը, և մենք շարունակելու ենք կանոնավոր ընդլայնել և զարգացնել, խորացնել մեր ռազմավարական հարաբերությունները ՌԴ-ի հետ»,- ասաց Զ.Մնացականյանը։

Ըստ նրա՝ ՀՀ-ն Վրաստանի հետ՝ որպես հարևան պետություն, նույնպես ունի ընդարձակ ու կարևոր օրակարգ, որն առնչվում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը.

«Եվ մենք առաջնորդվում ենք արտաքին քաղաքական այս երկու կարևորագույն ուղղությունները համադրելով՝ մեր երկու բարեկամ երկրների հետ մեր հարաբերությունները կառուցելիս»։

 

Տեսանյութեր

Լրահոս