«Հարցը վերաբերում է նաև Եվրամիությանը, անդամ պետություններին և դիմադրությանը որոշ անդամ պետությունների կողմից». ԱԳ նախարար

«Մեզ համար թիրախն անմիջական է, բայց խնդիրը նրանում է, որ հարցը վերաբերում է նաև Եվրամիությանը, անդամ պետություններին և դիմադրությանը որոշ անդամ պետությունների կողմից։ Սա ընթացք է, որը մենք պետք է ճեղքենք»,- այսօր ԱԺ-ում 2018 թ. բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ի պատասխան վիզաների ազատականացման վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցադրման։

Ըստ նրա՝ չի կարելի ասել, թե ինչ ժամկետ կպահանջվի։ Զ. Մնացականյանի բնորոշմամբ՝ սա գործընկերների միջև գործընթաց է. «Գերակա խնդիրը ճեղքելն է այն պատը, երբ մենք կկարողանանք սկսել երկխոսությունը»։

ԱԳ նախարարի խոսքով՝ հանձնառությունը կա, նաև կա բավականին աջակցություն որոշ երկրների կողմից, օրինակ՝ Հունաստանի, Կիպրոսի, բայց գործ ունենք Եվրոպական հանձնաժողովի և 28 անդամ պետությունների հետ, և ավելի դանդաղեցվում է գործընթացը. «Մենք իրենց հետ ներգրավված՝ փորձում ենք համոզել, ակտիվացնել, մեր գործընկերների հետ ճեղքել այդ պատը։ Սա անմիջական խնդիր է, ժամկետային առումով մեզ համար սա այսօր է, բայց 28-ի մեջ ոչ բոլորն են այդ մոտեցումը կիսում»։

Զ.Մնացականյանը նշեց, որ ապաստանի հայցման դիմումների աճի պատճառով ԵՄ մի շարք անդամ պետություններ զգայուն են միգրացիոն քաղաքականությանն առնչվող հարցերի հանդեպ, իսկ որոշ դեպքերում նաև հաշվի են առնում վիզաների ազատականացման նախկին ոչ բարեհաջող փորձը.

«ՀՀ-ն մշտապես կոչ է անում ԵՄ-ին յուրաքանչյուր երկրի պարագայում առաջնորդվել արժանիքների գնահատման սկզբունքով»։

Տեսանյութեր

Լրահոս