Արթուր Վանեցյանը խորհուրդ է տալիս ռոումինգից օգտվելիս շատ բան չխոսել

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայ մասնագետների հետ մշակել և ստացել է փորձնական մի ծրագիր, որը կիրառելու դեպքում կարելի է զերծ մնալ ցանկացած տիպի հեռախոսային գաղտնալսումներից: Ծրագիրը գործում է նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսում: Այս մասին ԱԺ-ում բյուջեի՝ ԱԱԾ կատարողականը ներկայացնելուց հետո խոսեց Վանեցյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

Թանդիլյանը հիշեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքը:

Նա հետաքրքրվեց՝ արդյոք հիմա նման ռիսկերից ապահովագրվա՞ծ են, և ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ արդյոք ապահովագրվա՞ծ են և արդյոք բացահայտվա՞ծ են նշված դեպքի աղբյուրները:

«Ինչ վերաբերվում է գործի բացահայտմանը, այդ պահին զերծ կմնամ մեկնաբանությունից, քանի որ գործը քննվում է Քննչական կոմիտեում: Ինչ վերաբերում է հեռախոսային խոսակցությունների, ընդհանուր առմամբ, պաշտպանվածությանը, ապա ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների 100 տոկոսանոց գաղտնիության ապահովում գրեթե անհնար է:

Բայց մինչև հայտնի գաղտնալսումների ի հայտ գալը ԱԱԾ-ն տեղի տեղեկատվական ոլորտի մասնագետների հետ սկսել էր մշակել մի ծրագիր, որը պետք է կիրառվեր և զերծ պահեր ցանկացած տիպի գաղտնալսումներից։

Այդ ծրագիրը գործում է, իմ հեռախոսի վրա տեղադրված է: Դա դեռևս թեստային տարբերակն է, ստուգում ենք բոլոր տեսակի խոցելիությունները։ Այս պահին բավականին պաշտպանված է, և շատ-շատ մասնագետներ արդեն տվել են եզրակացություն, որ գրեթե անհնար է այդ հավելվածի գաղտնալսումը»,- ասաց Վանեցյանն ու հավելեց, որ դա ամբողջովին հայկական արտադրանք է:

Վանեցյանը նշեց, որ սերվերը ֆիզիկապես գտնվում է ԱԱԾ շենքում և գաղտնագրվում է ամբողջությամբ։ Անգամ եթե փորձեն իրենք իրենց գաղտնալսել, չեն կարողանա:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ հետագայում, եթե ծրագիրն արդարացնի իրեն՝ պետք է որոշվի այն պետական պաշտոնյաների խումբը, որոնք պետք է օգտվեն դրանից:

Նա նաև տեղեկացրեց, որ դեռ հայտնի գաղտնալսման դեպքի ժամանակ էլ այդ աշխատանքները կատարվել էին:

«Ուղղակի, քանի որ ես գտնվում էի երկրից դուրս, օգտվում էինք ուղիղ բաց կապից»,- ասաց նա ու խորհուրդ տվեց ռոումինգից օգտվելիս շատ բան չխոսել:

Տեսանյութեր

Լրահոս