Ճի՞շտ է, որ Նիկոլ Փաշինյանը սատարում է Արայիկ Հարությունյանին. Արցախում սպասում են հարցի պատասխանին

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրներ Արմեն Մեջլումյանը և Արամ Հովակիմյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայաստանցի-արցախցի ներքին տարաձայնություններին՝ նշեցին, որ նման տարբերություն դնելը որևէ մեկին դուր չի գալիս, ուստի անհրաժեշտ է, որպեսզի հստակ քայլեր ձեռնարկվեն՝ ժողովրդի խոսակցականից այդ ձևակերպումը հանելու համար։
«Սամվել Բաբայանի առաջին քայլը՝ Սահմանադրության փոխելը, վերաբերում է դրան, որ հայաստանցի-ղարաբաղցի տարակարծությունը դուրս գա»,- ասաց Արամ Հովակիմյանը։

Արմեն Մեջլումյանի բնորոշմամբ՝ հայերի մեջ նման տարանջատում դնելն է, որ երկիրը քայքայել է։

«Արևմտյան Հայաստան ենք ունեցել, այսօր մնացել է կույր աղիքի չափ երկիր, ամոթ է մեզ։ Բոլորս էլ հայ ենք, և վերջ, իսկ ով այդ տարաձայնությունները տարածում է, թող հանգիստ նստի իր տեղը։ Օրինակ՝ Արցախում, որ իմացան՝ մենք գալիս ենք մամուլի ասուլիսի, խնդրեցին, որ այս հարցը բարձրացնենք՝ ճի՞շտ է, որ Նիկոլ Փաշինյանը սատարում է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին, և նրանց միջև կամուրջ է հանդիսանում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Սպասում ենք պատասխանի, որ արցախցիները լսեն»,- շեշտեց Արմեն Մեջլումյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանում և Արցախում դավադիր ուժեր կան, որոնք փորձում են պատերազմ հրահրել, Ա. Մեջլումյանն ասաց, որ երևի իրենց է նկատի ունեցել, քանի որ համացանցում նշում էին, որ իրենց ֆինանսավորում է Ռոբերտ Քոչարյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս