ՀՀ նախագա՞հը նշանակի ՍԴ դատավոր, թե՞ ԱԺ-ն ընտրի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Սահմանադրական դատարանի անդամի համար առաջադրելով Վահե Գրիգորյանի թեկնածությունը, իր հայտարարությունում հետգրությամբ առաջարկել է վերանայել ՍԴ դատավոր նշանակող ինստիտուտը և այդ լիազորությունը տալ պետության նախագահին:
«Հ.Գ. Հաշվի առնելով անցած մեկ տարվա փորձը, Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարում, որ ապագայում քննարկվի իր իսկ կողմից ՍԴ դատավորի նշանակման հնարավորությունը՝ փոփոխելով գործող ընթացակարգերը՝ նկատի ունենալով Սահմանադրության 138-րդ հոդվածում (Պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը) առկա կարգավորումների տրամաբանությունը»,- գրված է հայտարարության մեջ:
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դատական իշխանության հետ կապված ցանկացած փոփոխություն, որ ամրագրված է Սահմանադրության 7-րդ գլխում, ենթադրում է հանրաքվե:
«Մեր Սահմանադրությունում գրված են այն դրույթները, որ կարելի է խորհրդարանի միջոցով փոփոխել, և եթե այդ դրույթների մեջ չկան դրանք, ապա պետք է հանրաքվե անցկացնել»,- ասաց Տ.Սիմոնյանը:
Թե խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում ո՞րն է ավելի ճիշտ՝ նախագա՞հը նշանակի ՍԴ դատավոր, թե՞ ԱԺ-ն ընտրի, Տ.Սիմոնյանը նշեց, որ ՀՀ-ում այս պահին դասական խորհրդարանական կառավարման համակարգ չի գործում. «Խորհրդարանական կառավարման հազար ու մի տեսակ կա, այսինքն՝ չկա այդպիսի մոդել, որ սա հստակ խորհրդարանական է: Կարող են լինել խորհրդարանական ինչ-որ առանձին տարրեր: Դա ժողովրդի որոշելիքն է: Ես կարծում եմ՝ մենք անգամ խորհրդարանական հանրապետությանը պատրաստ չենք, որովհետև դրա համար քաղաքական մշակույթ չունենք: Ապացույցն այսօրվա խորհրդարանն է, նախկին խորհրդարանն է՝ առավել ևս, հիմա գոնե մի քիչ առաջ գնացինք»:
Մեր հարցապնդմանը՝ նախագա՞հը նշանակի ՍԴ դատավոր, թե՞ ԱԺ-ն ընտրի, ԼՀ պատգամավորը կրկին ուղիղ պատասխան չտվեց.
«Ես երկրներ գիտեմ, որ ԱԺ-ն է ընտրում, երկրներ գիտեմ, որ նախագահն է նշանակում, երկրներ գիտեմ, որ ժողովուրդն է ընտրում: Ամեն մի մշակույթում կախված է այդ մշակույթի զարգացման և հասունացման աստիճանից, թե որն է նախընտրելի: Երկրներ կան, որ ժողովուրդն է ընտրում, ու շատ լավ աշխատում է: Մեր նման երկրում, եթե ժողովուրդն ընտրի, դատական համակարգը կքանդվի, որովհետև հենց ժողովուրդը դատավոր ընտրեց, քաղաքական ընտրություն պետք է կատարի, ասի՝ ես քեզ ընտրել եմ, դե, արդարացրու: Քաղաքական և իրավական մշակույթի հարց է, դժվար է ասել՝ մեկը նախընտրելի է, մեկը՝ ոչ»: