Ինչ են առաջարկել Մինսկի խմբի համանախագահները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 27-30-ը տարածաշրջանային այցից հետո հայտարարել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ առաջիկայում իրենց հովանու ներքո հանդիպման մասին: Թե ե՞րբ և որտե՞ղ է կայանալու այդ հանդիպումը, համանախագահները չեն հստակեցրել, սակայն նշել են, որ իրենք կոնկրետ առաջարկներ են ներկայացրել:
«Կողմերի խնդրանքով համանախագահները կոնկրետ առաջարկներ են ներկայացրել կարգավորման գործընթացի հաջորդ քայլերի, այդ թվում և՝ հումանիտար ու անվտանգության միջոցների վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ: Համանախագահները նաև խորը մտահոգություն են հայտնել վերջին զոհերի կապակցությամբ և կողմերին կոչ են արել հնարավորինս զսպվածություն ցուցաբերել և խուսափել իրավիճակի հետագա լարումից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ քայլերն ուղղված են հումանիտար ոլորտին և անվտանգության ամրապնդմանը: «Հումանիտար ոլորտում արվող նախաձեռնությունների մասին մենք էլ ենք խոսել բազմիցս, և խոսվել է նաև Մոսկայում արտգործնախարարների հանդիպումից հետո: Երբ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հայտարարեց, որ հնարավոր են լրագրողների փոխադարձ այցեր, հնարավոր է՝ ադրբեջանցի լրագրողներն այցելեն Երևան կամ Ղարաբաղ, որը, իհարկե, բուռն ռեակցիա առաջացրեց Ադրբեջանի ներսում, ըստ էության, այս հայտարարությունն ինքնին խոսում է, որ շարժվում ենք մեր առաջարկած օրակարգով, որ նախ՝ պետք է առողջացնել մթնոլորտը, քանի որ այս իրավիճակում որևէ առարկայական լուծուման մասին խոսել հնարավոր չէ, հետո խոսենք եռաչափ ֆորմատի վերականգնման մասին և այնուհետև կխոսենք լուծման մասին, երբ կգա այդ փուլը: Եվ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը փաստում է, որ առաջիկայում հանդես կգան հումանիտար և անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումների առաջարկներով, և արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը դա կքննարկվի»,- ասաց Տ.Հայրապետյանը:
Ըստ նրա՝ ՄԽ-ն չի կարող մոռանալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, հրադադարի խախտման մեխանիզմների ներդրման մասին. «Նրանք չեն կարող մոռանալ, դա կարևոր վերահսկողական մեխանիզմ է, քանի որ ՄԽ կարևոր խնդիրներից մեկը, բացի խաղաղ լուծում գտնելուց կամ դրա գտնելուն օժանդակելուց, խուսափելն է նոր էսկալացիայից, և հայտարարության վերջում այդպիսի կոչ կա: Այդ պայմանավորվածությունները չեն կարող դուրս գալ օրակարգից, հարցն այն է, թե դրանք ինչպես կներկայացվեն, ինչ ձևաչափով:
Կարծում եմ՝ դա պետք է լինի այնպես, որ միայն Հայաստանը չլինի պահանջատիրոջ դերում, այլև Ադրբեջանը պատրաստ լինի ամբողջությամբ ընդունելու այդ առաջարկները: Այստեղ կարևոր է, որ Ադրբեջանը չփորձի մեկ կամ երկու ոչ էական դրույթ ընդունել՝ փորձելով ստվերել մնացած կարևոր դրույթները: Եթե գնում ենք մթնոլորտի առողջացմանը և փոխվստահության միջավայրի ստեղծմանը, ուրեմն պետք է այդ առաջարկները համալիր ընդունելի լինեն կողմերի կողմից»:
Տ.Հայրապետյանը հիշեցրեց, որ ՀՀ ԱԳ նախարարը խոսել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին ու նշել, որ դա մտնում է խաղաղության օրակարգի, փոխվստահության մեխանիզմների մեջ, և որ ժամանակահատվածում հարմար կլինի դրանց վերստին անդրադառնալ և այնպես անդրադառնալ, որ Ադրբեջանն ամբողջությամբ ընդունի. «Դրա մեջ մտնում է ոչ միայն մոնիտորինգի մեխանիզմների ներդրում, այլև դիպուկահարների հետքաշում և այլն, իսկ պարզ է, որ Ադրբեջանն այս պահին չի պատրաստվում նման քայլի գնալ, իսկ ըստ էության մենք ցանկանում ենք, որ դրանք ամբողջությամբ ընդունելի լինեն: Կգա այդ պահը, կընդունեն ամբողջությամբ, կխոսենք ակնհայտ և կշարժվենք առաջ»:
Անդրադառնալով ՄԽ համանախագահների զսպվածության կոչին և զոհերի մասին անդրադարձին՝ պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի հայտարարությունն իրենց կողմից զոհի մասին նույն օրը ժխտել է Պաշտպանության բանակը. «ՄԽ համանախագահները կոչ արեցին խուսափել գործողություններից, որոնք տանում են էսկալացիայի: Իմ դիտարկմամբ՝ խոսքն Ադրբեջանի՝ վերջերս առանց նախապես զգուշացնելու, ձեռնարկած զորավարժությունների մասին է: Խոսեցին նաև զոհերից, այո՛, մենք որոշ ժամանակ առաջ վիրավոր ենք ունեցել, և այլն: ՄԽ համանախագահների հայտարարությունը հասցեական չէ, համանախագահները փորձում են հասցեական չլինել, քանի որ ինչ-որ տեղ իրենց տեսանկյունից, նրանք միջնորդ են, փորձում են չդիտվել՝ որպես ճնշող կողմ, բայց եթե ենթատեքստերը փորձես տեսնել, ակնհայտ է, թե ում է ուղղված այդ կոչը»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Ադրբեջանի պնդմանը, որ ղարաբաղյան ադրբեջանցիները նույնպես պետք է լինեն բանակցային սեղանի շուրջ, պատասխանել է. «Դե թող քննարկեն, տեսնենք՝ ինչ պայմաններով է»:
Ըստ նրա՝ Ղարաբաղի հարցը հայկական կողմից համար լուծված ու փակված է, ժողովուրդը կարգավորել է Արցախի հարցը։ «Մենք ոչ մի մտահոգություն չունենք, ինչ պետք էր, Արցախի ժողովուրդն արել ա, միայն մնում ա միջազգային ճանաչում»,- ասել է Ծառուկյանը։