«Ձեր ծրագրերը մեզ հետաքրքիր չեն, ազատման դիմում գրեք». Դեռևս սեպտեմբերին Նազենի Ղարիբյանն Օրբելյանին հորդորել էր ազատման դիմում գրել
Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանի խոսքով՝ Օպերային թատրոնի Կառավարման խորհուրդն առաջին անգամ վերածվել է կրկեսի։ Եթե նախկինում կառավարման խորհրդի նիստերն անցկացվում էին Օպերայում, ապա Նազենի Ղարիբյանի՝ Կառավարման խորհրդի նախագահ ընտրվելուց հետո՝ Մշակույթի նախարարությունում։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Օպերային թատրոնի Կառավարման խորհրդի նախագահ էր ընտրվել Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, ինչին դեմ էր արտահայտվել թատրոնի ողջ անձնակազմը։
Նշենք, որ Կառավարման խորհրդում կա 8 հոգի, 2-ը՝ Օպերային թատրոնից, 2-ը՝ ստեղծագործական միություններից, իսկ 4-ը՝ Մշակույթի նախարարությունից։
«Նազենի Ղարիբյանն Օպերային թատրոնի կողմից մերժված անձ է և գիտի, որ չի կարող մեզ մոտ կառավարման խորհրդի նիստ անցկացնել, այս պատճառով էլ որոշել է նախարարությունում անցկացնել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հ. Արզումանյանը։
Դիրիժորն ասաց, որ օրերս Օպերային թատրոն են հրավիրել կառավարման խորհրդին և Նազենի Ղարիբյանին՝ հասկանալու համար, թե վերջինս իրենց հետ ինչպես է աշխատելու, սակայն Ն. Ղարիբյանը հանդիպմանը չի գնացել։ Չնայած թատրոնում արդեն հասկացել են, որ չեն կարող նրա հետ աշխատել, քանի որ նա մշակույթից հեռու է, ներկա չի եղել որևէ ներկայացման, թատրոնի արտիստներից որևէ մեկին չի ճանաչում։
Նրա կարծիքով՝ Նազենի Ղարիբյանն է կազմակերպել իր նշանակումը, քանի որ կառավարման խորհրդի կազմում գերակշռող մաս են կազմում Մշակույթի նախարարության աշխատակիցները։
168.am-ի հարցին, թե ի՞նչ բացատրություն է տալիս Ն. Ղարիբյանը, որ Կառավարման խորհրդի նիստերն առաջին անգամ սկսել են անցկացնել Մշակույթի նախարարությունում, Հարություն Արզումանյանը պատասխանեց, որ որևէ բացատրություն չի տվել, քանի որ իրենց հետ չի գնում հանդիպման։
Մեր դիտարկմանը, թե խոսակցություններ են շրջանառվում, որ Ն. Ղարիբյանը կարող է նշանակվել Օպերային թատրոնի տնօրեն, Հարություն Արզումանյանն ասաց, որ նա նույնիսկ փոքր մշակութային օջախներ չի կարող կառավարել, ուր մնաց՝ Օպերային թատրոնը, որի անձնակազմի 90-95 տոկոսը նրան չի ընդունում։
Նա նաև տեղեկացրեց, որ Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը երկու հայցով դիմել է դատարան, առաջին հայցով պահանջել է, որպեսզի չեղարկվի ՀՀ վարչապետի որոշումը, որով Ն. Ղարիբյանը դառնում է Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող, իսկ երկրորդ հայցով՝ տնօրենի պաշտոնից իրեն անօրինական ազատելու որոշումը վիճարկել։
«Տիկին Ղարիբյանը «Վիքիպեդիայից» ջնջել էր, որ Ֆրանսիայի քաղաքացի է, հետո տեսնելով, որ մարդիկ դա պահած ունեն, կրկին վերականգնել է։ Եթե նա ունի այդ քաղաքացիությունը, ապա չի կարող ստանձնել այդ պաշտոնը, և սա կոծկելու համար նման անուն են դնում՝ նախարարի պարտականությունները կատարող։ Եթե դատարանը ճանաչի, որ նա իրավունք չունի դառնալու նախարարի պաշտոնակատար, ապա նրա բոլոր որոշումներն ավտոմատ կերպով դառնում են անօրինական։ Պարոն Օրբելյանին, բացի Մշակույթի նախարարությունից, որևէ մեկը չի խանգարում, նախարարությունը խոստացել է գումարներ տրամադրել պրեմիերաների համար, սակայն որևէ հատկացում չի արել։
Մասնավորապես՝ նախարարության հետ՝ Արմեն Ամիրյանի նախարար եղած ժամանակ, պայմանավորվածություն կար, որ մեր թատրոնին բազմաթիվ հյուրախաղերի համար կհատկացնեն 25 մլն դրամ, բայց մշակույթի նորանշանակ նախարարն ասաց, որ կտրամադրեն 10 մլն դրամ, բայց դա էլ չտվեցին»,- շեշտեց դիրիժորը։
Ըստ Հարություն Արզումանյանի, երբ Կոնստանտին Օրբելյանն Օպերային թատրոնի ծրագրերը դեռևս սեպտեմբերին ներկայացրել էր Նազենի Ղարիբյանին և տեղեկացրել, թե առաջիկայում ինչ պետք է անեն Օպերայում, վերջին պատասխանել է.
«Ձեր ծրագրերը մեզ հետաքրքիր չեն, ազատման դիմում գրեք»։
Հարություն Արզումանյանը հույս հայտնեց, որ որոշումն այդպես չի մնա, կչեղարկվի, և Նազենի Ղարիբյանն այլևս չի լինի Կառավարման խորհրդի նախագահ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան