Հիմա արդեն բոլորը մեղավոր են, բացի կառավարությունից

Տնտեսությանն անցումային արդարադատությունն էր պակասում

Քաղաքական իշխանությունը ձեռնամուխ է եղել Հայաստանում անցումային արդարադատության իրականացմանը։ Թե դա ի՞նչ հետևանք կունենա տնտեսության վրա, առայժմ գնահատականներ չկան։ Թեև փորձը ցույց է տալիս, որ անցումային արդարադատությունն ամենևին էլ համատեղելի չէ տնտեսության մեջ ներդրումների ներգրավման հետ։ Նման իրավիճակներում ներդրողները խուսափում են ներդրումներ անելուց։

Սա լուրջ խնդիր է Հայաստանի տնտեսության համար։ Ու դեռ մեծ հարց է` անցումային արդարադատությո՞ւնն է ավելի կարևոր, թե՞ ներդրումները։ Ունի՞ այս հարցի պատասխանը քաղաքական իշխանությունը, թե՞ ոչ, հայտնի չէ։

Փաստն այն է, որ տնտեսությունը տուժում է ներդրումների պակասից։ Օտարերկրյա կապիտալն անգամ իշխանափոխությունից մեկ տարի անց մոտ չի գալիս հռչակված տնտեսական հեղափոխությանը։

Սա իրականում սկսել է անհանգստացնե՞լ ժամանակին Հայաստանի տնտեսությանը ներդրումային բում խոստացած Նիկոլ Փաշինյանին, թե՞ նա հերթական անգամ փորձում է այդ գործոնը պատրվակ դարձնել` իր քաղաքական նպատակներին հասնելու համար, դժվար է ասել։ Մի բան ամեն դեպքում ակնհայտ է` այն, ինչ անում է քաղաքական իշխանությունը, ամենևին էլ ներդրումների օգտին չէ։ Զարմանալի է, որ այդքանից հետո վարչապետը Հայաստանի տնտեսության ամենամեծ մարտահրավերը համարում է օտարերկրյա ներդրումները։

«Ամենամեծ մարտահրավերը, որ այսօր ունենք տնտեսությունում, իհարկե, օտարերկրյա ներդրումներն են։ Մենք ամեն ինչ անում ենք` մեր երկիրն օտարերկրյա ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու համար»,- Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետը։

Թե անցած մեկ տարում ինչ է արել քաղաքական իշխանությունը Հայաստանն արտաքին կապիտալի համար գրավիչ դարձնելու նպատակով, հայտնի իրողություն է. իշխանափոխությունից հետո տնտեսական հատվածի մասնակիցները, այդ թվում` օտարերկրյա կապիտալով ընկերությունները, մշտապես գտնվել են լարվածության մեջ։ Ու եթե այսօր Հայաստանի տնտեսության ամենամեծ մարտահրավերը ներդրումներն են, ապա անցումային արդարադատությունը չէ, որ պետք է փրկի իրավիճակը։ Ներդրումների չլինելու պատճառները բոլորովին այլ տեղ են։ Վարչապետը դրանք պետք է փնտրի առաջին հերթին՝ իր գործողությունների մեջ, որոնք թելադրված են ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական նպատակահարմարություններով։

Իհարկե, դա էլ հասկանալի է. այսօր Նիկոլ Փաշինյանի վիճակը նախանձելի չէ։ Նրա գլխավորած կառավարությանը չի հաջողվում ոչ մի ոլորտում բեկում մտցնել։ Իշխանափոխությունից մեկ տարի հետո դժվար է նշել որևէ բնագավառ, որտեղ լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել։ Կիսատ-պռատ ինչ-ինչ քայլեր գուցե կատարվել են, բայց դրանց արդյունքները շատ հեռու են բավարար լինելուց։

Այդպես էլ չեն իրականանում այն ակնկալիքները, որոնք կային մեկ տարի առաջ։ Մարդիկ գնալով հիասթափվում են, ինչն էլ ստիպում է քաղաքական իշխանությանն անընդհատ լարվածության նոր օջախներ ստեղծել։ Այդ ամենը երբեմն հասնում է ծայրահեղության` լուրջ սպառնալիքներ ստեղծելով անգամ ազգային անվտանգության համար։ Ինչպես միշտ, խաղարկվում է նախորդ իշխանությունների նկատմամբ առկա ատելությունը։ Իսկ թե դա ի՞նչ է տալիս հասարակությանը, դժվար չէ պատկերացնել։

Իշխանափոխությունից հետո քաղաքացիներն իրական կյանքում փոփոխություններ գրեթե չեն զգում։ Փոխարենը՝ նրանք տեսնում են, թե ինչպես է հեղափոխության արդյունքները վայելում վարչապետի շրջապատը։

Այդ ամենը սկսել է հիասթափեցնել մարդկանց, ովքեր ժամանակին պատրաստ էին ամեն ինչ անել Նիկոլ Փաշինյանին վարչապետ կարգելու համար։ Ու դա զարմանալի չէր. հասարակության մի ստվար հատված նրա հետ էր կապում երկրի զարգացումն ու իրենց սոցիալական վիճակի բարելավումը։ Թերևս այդ ակնկալիքով էլ հեղափոխության առաջնորդին կարգեցին վարչապետ, իսկ նրա գլխավորած քաղաքական թիմը շատ արագ վերցրեց գործադիր և օրենսդիր իշխանության լծակները։

Թվում էր, թե այդ ամենից հետո քաղաքական իշխանությունն այլևս ունի բոլոր հնարավորությունները` անցնելու ժողովրդի խնդիրների լուծմանը։ Խնդիրներ, որոնց մասին ժամանակին բազմիցս բարձրաձայնում էր Նիկոլ Փաշինյանը։

Բայց, ինչպես տեսնում ենք, այդպես չեղավ։ Իշխանափոխությունից մեկ տարի անց դրանք նույնությամբ պահպանվում են։ Իշխանության քաղաքական թիմը հիմա շատ ավելի հանգիստ է նայում այդ ամենին ու կարծես չի էլ շտապում լուծումներ տալ։

Պատահական չէ, որ հեղափոխական էյֆորիայով տոգորված հասարակության շրջանում վաղուց ի չիք են դարձել արագ փոփոխությունների հասնելու սպասելիքները, որոնք կային իշխանափոխությունից անմիջապես հետո։ Ժամանակին բազմաթիվ խոստումներ տված քաղաքական ուժն իշխանությունը վերցնելուց հետո մոռացել է դրանց մասին։

Ավելին, հիմա արդեն մարդկանց սոցիալական վատ վիճակի մեղավորը ոչ թե կառավարությունն է, այլ իրենք, որ չեն կարողանում իրենց գլխից հանել աղքատության զգացողությունը։ Հիմա արդեն ոչ թե կառավարությունը պետք է մտածի մարդկանց աշխատանքով ապահովելու մասին, այլ իրենք պիտի մտածեն իրենց և ուրիշների համար աշխատատեղ ստեղծելու մասին։ Հիմա արդեն ոչ թե կառավարությունը պետք է մտահոգվի հարկերի հավաքմամբ, այլ քաղաքացիները, որովհետև դրանից է կախված լինելու ուսուցիչների, զինծառայողների և մյուս պետական աշխատողների աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացումը։ Հիմա այլևս ոչ թե կառավարությունն է մեղավոր, որ ներդրումներ չկան, այլ ներդրողները, որ խուսափում են ներդրումներ կատարել մի երկրում, որտեղ իրենց համար ստեղծված են իդեալական պայմաններ։ Հիմա արդեն բոլորը մեղավոր են, բացի կառավարությունից։

Պարզ է, չէ՞, թե ինչի համար է այս ամենը։ Քաղաքական իշխանությունն ի վիճակի չէ լուծել երկրում առկա խնդիրները։ Ու հիմա մեղավորներ են փնտրում` իրենց անկարողությունն արդարացնելու համար։

Կառավարությունն ակնհայտորեն սխալ դուրս եկավ իր հաշվարկներում։ Որքան էլ թվում էր, թե միայն կոռուպցիայի դեմ պայքարով կամ մենաշնորհները վերացնելու մասին դատակ հայտարարություններով հնարավոր է տնտեսություն զարգացնել, այդպես չեղավ։

Բնավ զարմանալի չէ, որ իշխանափոխությունից մեկ տարի հետո էլ տնտեսական զարգացումները Հայաստանում շատ բանով չեն տարբերվում մինչհեղափոխական իրավիճակից։ Ընդհակառակը` դրանք մի բան էլ հետընթաց են արձանագրել։

Այս պայմաններում, փոխարենը մտածելու տնտեսության մեջ առկա լարվածությունը թուլացնելու, տնտեսական խթաններ ստեղծելու, ներդրողների մտահոգությունները փարատելու մասին, կառավարությունը գնում է տրամագծորեն հակառակ ուղղությամբ։ Սպասենք հետևանքներին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս