Թունիսի անցումային արդարադատության գործընթացի որոշ գաղափարներ կարող են օգտակար  դասեր լինել ՀՀ-ի համար. Ռուբեն Կարանզա

Ազգային ժողովում տեղի ունեցած «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ առանձին զեկույցով հանդես եկավ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) փորձագետ Ռուբեն Կարանզան:

Ըստ նրա՝ Հայաստանում սկսել են աշխատել 2018թ. հեղափոխությունից հետո, և երկրում արդարադատությունը ևս պետք է կապված լինի հեղափոխության պահանջների ու ակնկալիքների հետ։ «Անցումային արդարադատության նպատակը չէ՝ մեզ դրախտ բերել, բայց այն կարող է մեզ օգնել դժոխքից դուրս գալ»,- ասել է Կարանզան:

Հաշվի առնելով, որ փորձագետն աշխատում է Քենիայում, Իրաքում, Լիբերիայում, Հարավային Աֆրիկայում և այլ նախկին ավտորիտար երկրներում, արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները մի շարք հարցեր էին բարձրացրել՝ ինչո՞վ է Հայաստանի իրավիճակը նման այդ երկրների իրավիճակին, նա ներկայացնում է ի՞ր տեսակետը, թե՞ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի դիրքորոշումը, և այլն: Այս հարցերի շուրջ զրուցեցինք  Ռուբեն Կարանզայի հետ:

– Պարոն Կարանզա, ինչո՞վ է Հայաստանի իրավիճակը նման այն երկրների իրավիճակին, որտեղ դուք փորձագետ եք:

– Կան որոշ նմանություններ, այդ երկրները երբեք չեն կարող նույնը լինել այնտեղ տիրող իրավիճակի առումով։ Սակայն որոշ երկրներ, որոնք դուրս են եկել ավտորիտար կառավարություններից և ունեցել են անցումային արդարադատություն, կարծում եմ, նրանց օրինակը շատ կարևոր դաս է, որ Հայաստանը կարող է քաղել, քանի որ որոշ խնդիրներ կարող են նույնը լինել։

– Օրինակ, ի՞նչ խնդիրներ կարող եք մատնանշել։

– Լավ օրինակ է Թունիսը, որը, ինչպես Հայաստանը, անցել է հեղափոխության միջով։ Այդ հեղափոխությանը մասնակցել է երիտասարդությունը։ Երկու հեղափոխությունների ժամանակ էլ շատ խնդիրներ վերաբերել են կոռուպցիային և դատական համակարգի նկատմամբ անվստահությանը։ Ուստի Թունիսի անցումային արդարադատության գործընթացի որոշ գաղափարներ կարող են օգտակար դասեր լինել Հայաստանի համար։

Դուք ներկայացնում եք Ձե՞ր կարծիքը, թե՞ Ձեր կազմակերպության դիրքորոշումը։

– Ես աշխատում եմ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնում, բնականաբար, ես ներկայացնում եմ այդ կազմակերպության դիրքորոշումը, ոչ միայն իմ կարծիքը՝ որպես փորձագետ, այլև բոլոր այն փորձագետների, որոնք աշխատում են այս կազմակերպության հետ։

– Ձեր կենտրոնը պատրաստվո՞ւմ է Հայաստանի իրավիճակի վերաբերյալ զեկույց ներկայացնել, ինչպես արվում է մյուս երկրների դեպքում:

– Ո՛չ, պարտադիր չէ։ Մենք նման խնդիր չունենք, և Հայաստանի կառավարությունն էլ չի պահանջել պատրաստել պաշտոնական զեկույց։ Այն հրավերքը, որ ես ստացել եմ, մեկն էր ՀՀ կառավարության մի քանի հրավերքներից։ Բայց մենք ուրախ կլինենք տրամադրել խորհուրդներ և առաջարկություններ որոշ խնդիրների վերաբերյալ կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը և Հայաստանի տարբեր ուժերին։

– Դուք հանդիպել եք կամ հանդիպելու եք միայն կառավարությա՞ն ներկայացուցիչների հետ, թե՞ նաև Հայաստանի հասարակության այլ շերտերի ներկայացուցիչների։

– Ես հանդիպել եմ տարբեր անհատների հետ, հանդիպել եմ որոշ լրագրողների հետ, որոնց ևս հարցեր եմ ուղղել Հայաստանի մասին, և ես հանդիպել եմ ոչ միայն խորհրդարանի, այլև կառավարության տարբեր պաշտոնատար անձանց հետ։ Դրանք լուրջ հանդիպումներ էին, որոնք տեղի են ունեցել այստեղ ամիսներ առաջ։

– Եղե՞լ է իրավիճակ, երբ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը խորհուրդ է տվել զերծ մնալ անցումային արդարադատությունից, չկիրառել այն։

– Ներկայումս դա ավելի շատ վերաբերում է մեր տեղեկատվություն տրամադրելու հարցին՝ համեմատական օրինակներ տրամադրել, ցույց տալ այլ երկրների  օրինակներ, մատնացույց անել խնդիրներ, որոնք հնարավոր են լուծել։ Հատուկ կերպով չենք քննարկել, քանի որ չկա օրենսդրություն, որը կոնկրետ կլիներ։ Առանձին խնդիրներ ենք քննարկել, առավելապես ակտիվների վերականգնում, որը մեծամասամբ տեխնիկական հարց է։ Դեռևս՝ այսքանը։

– Կենտրոնը պաշտպանո՞ւմ է անցումային արդարադատության կիրառումը ցանկացած հաջորդ իշխանափոխությունից հետո, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումից հետո Հայաստանում բարձրանալո՞ւ է անցումային արդարադատության հարցը, թե՞ ոչ։

– Ես չգիտեմ, որովհետև անցումային արդարադատությունը հաճախ կիրառվում է, երբ կան մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ, մեծածավալ կոռուպցիա: Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընդամենը մի քանի ամիս, ուստի դա ավտոմատ չէ։

– Դուք ունե՞ք Հայաստանի համար անցումային արդարադատության կոնկրետ տարբերակ, թե՞ դեռևս լսելու եք այլ կարծիքներ։

– Ինչպես ասացի, մենք դեռևս տեղեկատվություն ենք տրամադրում, համեմատական օրինակներ, այլ երկրների դասերը։ Մենք դեռ պատրաստ չենք ավելի մանրամասն տարբերակներ տրամադրել, թե ո՞ր օրենքն է լավ կամ վատ այս դեպքում։

Տեսանյութեր

Լրահոս