«Կա՞ կադրային այնպիսի բազա, որը կարող է փոխարինել «վեթինգով» մերժված դատավորներին». Արամ Սարգսյան
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ԱԺ-ում ընթացող անցումային արդարադատության նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հարց բարձրացրեց՝ արդյո՞ք ուսումնասիրել են, թե ի՞նչ հետևանքներ կունենա այդ գործընթացը, եթե այն հաջողության չհասնի։
«Նաև՝ պատկերացրեք, որ «վեթինգի» արդյունքում դատավորների 60-70 տոկոսին մերժեցինք, կա՞ այն կադրային բազան, որը ազնիվ է, սկզբունքային, արհեստավարժ ու անկաշառ են, որը կարող է փոխարինել ներկայիս դատավորներին։ Ինչպիսի ժամանակացույց եք պատկերացնում, որքան ժամանակ է տևելու այս ամբողջ գործընթացը և այն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ տնտեսության զարգացման վրա»,-նշեց Արամ Սարգսյանը։
Պատասխանելով բարձրացրած հարցադրումներին, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ անհրաժեշտ է համախոհություն, մասնագիտական քննարկումներ ու հանրային լայն իրազեկում։
«Եթե մեր մասնագետները կորոշեն, որ դա Սահմանադրության փոփոխությամբ պետք է արվի, դրանից բարձր սուվերեն ուժ չկա, եթե ժողովուրդը որոշելու է, որ դատական համակարգում «վեթինգ» է իրականացվելու, ապա այդպես պետք է լինի։ Այստեղ որևէ խնդիր ու ռիսկ չկա»,-շեշտեց Կ. Զադոյանը։
Ինչ վերաբերում է դատավորների մասով կադրային բազային, նա ընդգծեց, որ այսօր բացառիկ պատուհան է ստեղծվում ոչ բարեխիղճ դատավորների համար՝ իրենց կամքով դատական համակարգից հեռանալու համար։
Նա հույս հայտնեց, որ մինչև գործիքակազմի կիրառումը, շատ դատավորներ ինքնուրույն դուրս կգան դատական համակարգից։ Իսկ «վեթինգով» անցած դատավորներն ավելի կուժեղանան։
Զվարթ Խաչատրյան