
Մեղադրանք է առաջադրվել՝ համադասարանցուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար. գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցականի կողմից համադասարանցուն դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի դպրոցներից մեկի աշակերտը՝ ծնված 2004թ., տեղեկանալով, որ 2018թ. սեպտեմբերի 26-ին իր համադասարանցին և նույն դպրոցի մեկ այլ աշակերտ դպրոցում դասամիջոցի ժամանակ վիճաբանել են և դրա վերաբերյալ դասերից հետո պարզաբանումներ կատարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել, նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, վերը նշված աշակերտների և նրանց ընկերների հետ գնացել է Ֆ.Նանսենի անվան այգի: Նշված այգում վերջիններիս միջև վիճաբանություն է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ 2004թ. ծնված դպրոցականը տաբատի հետևի գրպանից հանել է ծալովի դանակը և հարվածել համադասարանցու կրծքավանդակի աջակողմյան հատվածին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո դանակը գցելով դեպքի վայրից քիչ հեռու՝ փախել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 15-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: