«Վարչապետը և կառավարության թիմը վարկաբեկում են հերոսներին». Գևորգ Գևորգյան

«Պատմությունը ցույց է տվել, որ բոլոր հակապետական և հակաժողովրդական քայլերն արվել են ժողովրդի անունից։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործների խոսքը նույնպես ժողովրդի անունից էր, նույն մարտի 1-ը՝ էլի  կոչերը ժողովրդի անունից էր ու հանուն ժողովրդի։ Իհարկե, կոչ անողներից ոչ մեկը վնասվածք չստացավ, բայց բոլորը ժողովրդի անունից էր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը, ապա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղերձի մի շարք կետերին։

Նա մեջբերեց Նիկոլ Փաշինյանի խոսքը, թե «այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն», և հավելեց.

«Երկրի թիվ մեկ պատասխանատուի հայտարարությունը՝ նման անպատասխանատու ձևո՞վ. որտե՞ղ են էդ ուժերը, ովքե՞ր են էդ մարդիկ։ Եթե ինքը գիտի ու չի հայտարարում, արդեն ուրիշ խնդիր է, եթե ինքը չգիտի ու հայտարարում է… այդպես չիմանալով, կարծիքներ կազմելո՞վ պիտի Գլխավոր հրամանատարի դերում լինի պատերազմի վերսկսման ժամանակ։

Երկրի Գլխավոր հրամանատարը պետք է լինի մարդ, ով քիչ թե շատ հասկանում է ռազմական գործողություններից, մարդ, որը պատրաստ է եղել իր կյանքով կանգնելու թշնամու դեմ։ Երբ այսօր խոսում է կապիտուլյացիաներից՝ դատական համակարգի կապիտուլյացիաներից, տարբեր կոռուպցիոն կապիտուլյացիաներից, պետք է հիշի, որ կապիտուլյացիայի մի  թշնամի ունենք այսօրվա դրությամբ՝ Ադրբեջանը, այլ ոչ թե ներսում կապիտուլյացիա հայտարարել»։

Կարդացեք նաև

Ըստ Գևորգյանի՝ այս մեկ տարում «թվացյալ կոռուպցիոն շղթաները բացահայտելուց, ազգային-ազատագրական պայքարի հերոսներին վարկաբեկելուց, արցախցի-հայաստանցի ու  նոր Հայաստան-հին Հայաստան պառակտումներից զատ՝ ոչինչ չի արվել»։

«Այսօր վարչապետը և ողջ կառավարության թիմը վարկաբեկում են հերոսներին, Արցախյան ազատագրական պայքարի դեմքերին, հարձակումներ են գործում խարիզմատիկ ազգային պետական գործիչների դեմ»,- ասում է ազատամարտիկը՝ հիշելով Վիտալի Բալասանյանի ու Հրանտ Մարգարյանի շուրջ վերջին աղմկահարույց դեպքերը։

Նա հույս ունի, սակայն, որ ժողովուրդն արդեն գիտակցում է իրականությունը.

«Ժողովուրդը գիտակցում է ու չի իմանում՝ ինչ անել։ Իր՝ դատարաններն արգելափակելու կոչին արձագանքել էին մոտ 1200-1500 մարդ. 3 միլիոնանոց երկրում սա հավասարազոր է որևէ իշխանություն չունենալուն»։

168.amի  հարցին, թե ինչի՞ն են միտված վերջին ակցիաներն ու դրան հաջորդած ուղերձը, Գևորգյանն ի պատասխան՝ նկատեց.

«Չեմ կարող ասել՝ ինչին են միտված, քանի որ նման երևակայությամբ խնդիրներին մոտենալու ձեռագիր չունեմ։ Հենց մեր վարչապետն է հայտարարում՝ «իրեն թվում է», կամ՝ «ինքը կարծում է»… առանց փաստերի։ Այս պահին չեմ կարող ասել՝ ինչին է միտված. որոշ ժամանակ անց կլինի հստակ պատկերը։ Բայց եթե մենք ունենք ներսում խնդիր ու պառակտվում ենք, դա չի կարող լավ լինել մեր երկրի ու պետականության համար»։

Պատերազմի վերսկսման հարցն էլ բանախոսը հորդորում է տալ Փաշինյանին.

«Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ինքը օպերատիվ կապ ունի, չէ՞, Ալիևի հետ»,- ասաց նա՝ հիշեցնելով ադրբեջանական զորավարժությունների  ու ադրբեջանական կայքերում Հայաստանի մասին համատարած քննարկումների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս