
Եթե «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈւԵՖԱ-ն կտեղափոխի եզրափակիչը. Պիրս Մորգան

Հայտնի բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար Պիրս Մորգանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու հետ կապված խնդիրներին: Լրագրողը հարցադրում է արել «Չելսի»-ին։
««Չելսի», դուք ունեք բազմաթիվ հայ երկրպագուներ։ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակում չեք պատրաստվո՞ւմ որևէ քայլ անել։
Եթե «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈւԵՖԱ-ն կտեղափոխի եզրափակիչը»,- գրել է Մորգանը՝ Թվիթերի իր միկրոբլոգում: Հայտնի է, որ Մորգանն «Արսենալ»-ի ջերմեռանդ երկրպագու է:
«Արսենալ»-ն ու «Չելսի»-ն Եվրոպայի լիգայի գավաթը Բաքվում վիճարկելու են մայիսի 29-ին։ Մայիսի 21-ին «Արսենալ»-ը հայտարարել է, որ Մխիթարյանը չի մեկնելու Ադրբեջան։ «Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք Մխիթարյանին թիմի կազմում ընդգրկելու բոլոր տարբերակները, սակայն խնդիրը Մխիթարյանի և նրա ընտանիքի հետ քննարկելուց հետո որոշում ենք ընդունել, որ նա չի մասնակցի խաղին: Մենք ՈՒԵՖԱ-ին մեր խորը անհանգստությունն ենք հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մխիթարյանը առանցքային խաղացող է եղել մեզ համար եզրափակչի ճանապարհին, և մենք մեծ կորուստ ենք կրում»,-ասված է հայտարարության մեջ: