Գերմանիան կշարունակի ավելացնել ռազմական ծախսերը. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավաստիացրել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն ավելացնել պաշտպանական ծախսերը: Այդ մասին նա հայտարարել է մայիսի 20-ին Մունստերում (Ստորին Սաքսոնիայի դաշնային երկրամաս) բունդեսվերի բազա այցելության ժամանակ:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում արագորեն հակազդելուն: «Այդ կապակցությամբ մենք կշարունակենք ավելացնել ծախսերը ռազմական բյուջեի համար»,-ասել է Մերկելը:
«Ես խորապես համոզված եմ, որ լարվածության թույլացմանն ուղղված բոլոր քաղաքական ջանքերն արդյունավետ կլինեն միայն այն ժամանակ, եթե մենք արտակարգ իրադրության ծագման դեպքում պատրաստ լինենք պաշտպանվել,-նշել է նա:-Դա չպետք է գրված լինի միայն թղթի վրա»:
Մերկելը ծախսերն ավելացնելու անհրաժեշտությունը կապել է Ուկրաինայի իրադարձությունների հետ: Ավելի վաղ Բեռլինը ՆԱՏՕ-ին ծանուցել է, որ այս տարի ԳԴՀ-ի ռազմական բյուջեն կկազմի 47,32 մլրդ եվրո, իսկ հաջորդ տարի կաճի մինչեւ 49,67 մլրդ եվրո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: