
Արտակ Զեյնալյանը որևէ մասնակցություն չի ունեցել այսօր «Հանրապետություն» կուսակցության տարածած հայտարարության մշակման աշխատանքներում

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որևէ մասնակցություն չի ունեցել այսօր «Հանրապետություն» կուսակցության տարածած հայտարարության մշակման աշխատանքներում: 168.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը՝ ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է կուսակցության հայտարարությունից հետո Ա.Զեյնալյանը հրաժարական տա։
«Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դե ֆակտո կասեցրել է կուսակցական գործունեությունը: Նախարարը ներկայացնում է կառավարության դիրքորոշումը, և որևէ մասնակցություն չի ունեցել այսօր «Հանրապետություն» կուսակցության տարածած հայտարարության մշակման աշխատանքներում»,- ասաց Լ.Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը դատապարտել է ՀՀ վարչապետի կոչով դատարանների մուտքն արգելափակելը և դատարանների գործունեությանը խոչընդոտելը: «Դատական համակարգին հեղափոխական ուղերձ հղելու նույն նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման ակցիայի»,- նշված է «Հանրապետություն» կուսակցության հայտարարության մեջ։