«Եթե ընդունենք, որ բոլորի նկատմամբ է ճնշում գործադրվել, ապա ինչո՞ւ են հարցաքննվել միայն ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանն ու Վալերի Պողոսյանը». Հայկ Ալումյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու գործով առաջին դռնբաց դատական նիստը։
Շարունակվում է պաշտպանական կողմի վիճարկումը հիմնավոր կասկածի մասով։
Պաշտպան Ալումյանը դատարանի առաջարկեց վերհիշել, թե ինչ էր կատարվում մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ, ու հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրությամբ միայն նախագահը կարող էր գնահատել, թե այդ իրավիճակը սահմանադրական կարգին սպառնացող վտա՞նգ էր, թե՞ ոչ։
Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ դատարանին խնդրեց ընդառաջել որպես երաշխավորներ հանդես եկած Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանին ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին դատարան ներկայանալ ուրբաթ օրը՝ օրվա երկրորդ կեսին՝ հաշվի առնելով նրանց զբաղվածությունը։
Դատարանը, հաշվի առնելով, որ ուրբաթ օրը կրիտիկական ժամկետն է դատական նիստերի, ու շաբաթ-կիրակի օրերին դատական նիստեր անցկացնելու հավանականությունը քիչ է, խնդրեց Արցախի նախագահների ներկայությունն ապահովել վաղվա դատական նիստին։
Պայմանավորվեցին ընդմիջմանը ճշտել, թե արդյո՞ք հավանական է շաբաթ օրը ապահովել Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը դատական նիստին, ապա սույն հարցով որոշում կայացնել։
Ընդմիջումից հետո պաշտպանական կողմն առաջարկեց հնարավորության դեպքում թույլատրել Արցախի նախագահներին ներկայանալ վաղն աշխատանքային ժամի ավարտից հետո, քանի որ Արցախից Երևան հասնելու խնդիր կա։ Դատախազները չառարկեցին, դատարանը՝ նույնպես։ Պաշտպանական կողմը խոստացավ առավոտյան տեղեկացնել, թե երբ կժամանեն Արցախի ներկա ու նախկին նախագահները։
Դատական նիստը շարունակվեց հիմնավոր կասկածի՝ պաշտպանական կողմի վիճարկմամբ։
Անդրադարձ կատարվեց նաև ըստ մեղադրանքի՝ Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշում գործադրելուն։ Հայկ Ալումյանը կարծում է, որ այստեղ ևս հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չէ, քանի որ մեղադրանքի մեջ չկան այն դատավորների անունները, ում վրա իբրև թե ճնշում է գործադրվել։ Եթե ընդունենք, որ բոլորի նկատմամբ է ճնշում գործադրվել, ապա այդ դեպքում ինչո՞ւ են միայն հարցաքննվել ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանն ու Վալերի Պողոսյանը, որոնք նույնպես ժխտել են իրենց նկատմամբ ճնշում գործադրելու հանգամանքը։
Իր խոսքի վերջում պաշտպանական կողմը ևս մեկ անգամ շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանը քրեական հետապնդման է ենթարկվում քաղաքական նկատառումներով։
Մանրամասները՝ տեսանյութում։