«Չգիտեմ՝ ինչո՞ւ է Մամեդյարովը դժգոհ, կարևորը՝ Ալիևը գոհ լինի»

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում կրկնել է Բաքվի դիրքորոշումը, որ Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը:

«Այս բոլոր տարիների ընթացքում, որ մենք բանակցություններ էինք վարում, համանախագահները տարածաշրջան այցելելիս՝ գնում էին նաև Ղարաբաղ և շփվում էին Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, բացի այդ, և՛ նախկին, և՛ գործող վարչակազմը, հույս ունեմ, տեղեկացնում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին: Այնպես որ, ինչ-որ չափով ներգրավված եղել են, և ձեր ղեկավարությունն այս թեմայով ևս խոսել է: Ես կարծում եմ, որ հարցի բանալին մասնակցել-չմասնակցելը չէ, հարցն այն է, որ մենք պետք է լուրջ քաղաքական մոտեցում ցուցաբերենք, պետք է նստենք և ավարտենք այն, ինչ ես անվանում եմ սուբստանտիվ բանակցություններ, կարող եք անվանել առարկայական բանակցություններ, որովհետև բոլորն ամեն ինչ հրաշալի գիտեն, գիտեն՝ սեղանին ինչ փաստաթուղթ է դրված, ինչո՞ւ պետք է ինքներս մեզ խաբենք»,- ասել է Մամեդյարովը:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունների շուրջ զրուցել ենք ՀՀ ԱԺ փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի անդամ Ալեն Սիմոնյանի հետ:

 – Պարոն Սիմոնյան, ի՞նչ կհակադարձեք Էլմար Մամեդյարովին:

– Մի բան պետք է փաստեմ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի բառապաշարը և ոճաբանությունը բավականին մեծ փոփոխություն է կրել, և նա ավելի շատ պաշտպանվողի դիրքերից է հանդես գալիս և ստեղծված նոր իրավճակում դժվարանում է հին տրամաբանության մեջ գործել, ինչը մեզ համար շատ լավ և օգտակար է  և խոսում է հայկական կողմի ճիշտ մարտավարության մասին: Մամեդյարովի պատասխանը բազմիցս տրվել է՝ Արցախը միջազգայնորեն ի սկզբանե ճանաչված է եղել՝ որպես կողմ, իսկ այսօր իրենք պետք է մի բան հասկանան՝ եթե իրենք չեն կարողանում Արցախի ներկայացուցիչների հետ նստել մի սեղանի շուրջ բանակցել, ապա ինչպե՞ս են առաջարկում մի պետության մեջ ապրել: Կարծում եմ՝ պարոն Մամեդյարովը, երբ իրենք առաջ են քաշում այն թեզը, թե պատրաստ են Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն տալ Արցախին, և այլն, որոնք, պարզ է, ընդունելի չեն, դրանից առաջ պետք է հասկանա՝ իրենք կարո՞ղ են նստել, գոնե խոսել էդ մարդկանց հետ: Եթե պատրաստ չեն, ապա մնացած առաջ քաշած թեզերը մեծ պոպուլիզմ են միջազգային մակարդակով, որոնցով ոչ մեկին չես խաբի:

– Ասել է թե՝ սեղանին դրված փաստաթուղթ կա, որ պետք է նստել ու քննարկել:

– Դե, մենք էլ ասում ենք, որ չենք կարող Արցախի ժողովրդի ու իշխանության փոխարեն քննարկել կամ քվեարկել, որովհետև չի կարելի երրորդ մեկի համար քննարկել, բայց հետո չունենալ որոշում:

– Խաղաղության նախապատրաստելու թեզի վերաբերյալ նա ասել է, թե դա նախ և առաջ Հայաստանին է վերաբերում:

– Եթե նայում ես ոճաբանությունը, հայտարարությունների մակարդակը, ակնհայտ է, որ հայկական կողմի հռետորաբանությունը ռազմատենչ չի, ՀՀ-ում Ադրբեջանի ազգի, ժողովրդի կամ պետականության դեմ ատելություն չի քարոզվում: Միգուցե դրան օբյեկտիվ պատճառ կա՝ հայի մեջ հաղթողի հոգեբանություն կա, և կարիք չկա ատել այն մարդուն, որին հաղթել է: Սա շատ օբյեկտիվ և հիմնավոր է: Մեր ներսում խաղաղության նախապատրաստելը պետք է արվի նաև Ադրբեջանի նախագահի և ղեկավարության կողմից: Այսինքն՝ երբ պարոն Փաշինյանն ասում է, որ պատրաստ է խոսել Ադրբեջանի հասարակության համար, ես չգիտեմ՝ արդյոք Ալիևը պատրա՞ստ է հայ հասարակության հետ զրուցել և երկխոսության մեջ մտնել:

– Բայց արդյոք սա խոստովանություն չէ՞, որ Ադրբեջանը խաղաղության պատրաստվելու մտադրություն չունի:

– Ես չգիտեմ՝ ինչին է պատրաստվում Ադրբեջանը, հուսով եմ՝ դա պատերազմը չէ, որովհետև խաղաղության այլընտրանքը պատերազմն է: Պետք է իրենք բոլորը հասկանան, որ պատերազմի ժամանակ հաղթող կողմ չի լինում, որովհետև մեր մի զոհն ինձ համար արդեն պարտություն է, որովհետև թույլ եմ տվել իրավիճակն այնպես սրվի, որ իմ եղբայրները զոհվեն: Կարծում եմ՝ ադրբեջանցի մայրերը նույնպես սիրում են իրենց երեխաներին, ինչպես մենք ենք սիրում մեր երեխաներին, և խաղաղությունն ուղղակի այլընտրանք չունի: Ինչ վերաբերում է խաղաղության նախապատրաստվելուն՝ ես չեմ ուզում հոռետես բաներ ասել, բայց մենք մեկ անգամ ապացուցել ենք, և ես վստահ եմ, որ այսօր, առավել քան, այդ իրավիճակում այդ խաղաղությունը կպարտադրենք շատ հուժկու ձևով, և դրանից հետո բանակցությունները կկրեն լրիվ այլ ֆորմատ:

– Մամեդյարովը հարցադրում է արել, թե Ադրբեջանն այս 30 տարիների ընթացքում ունի գազամուղ, երկաթգիծ, ի՞նչ ունեք դուք:

– Մենք ունենք ազատ արցախցի, ժողովրդավարության առաջընթաց, արժանապատիվ քաղաքացի, ունենք մարդիկ, որոնք պատրաստ են առանց վայրկյան անգամ մտածելու՝ իրենց հայրենիքը պաշտպանել, ունենք ճիշտ ընտրված ճանապարհ: Չեմ ուզում անդրադառնալ իրենց ձեռքբերումներին, որովհետև մի քանի հոգու, մի քանի կլանի հարստացումը, չեմ կարծում, թե նույնիսկ Ադրբեջանի քաղաքացիները համարում են իրենց համար ձեռքբերում: Ամեն դեպքում, կարծում եմ, որ խաղաղության մասին խոսելը, այս հեռակա բանավեճն արդեն իսկ լավ է և ճիշտ քայլ է դեպի խաղաղություն:

– Մամեդյարովը կարծես դժգոհ է վերելակային պայմանավորվածություններից: Ինչո՞ւ:

– Չգիտեմ՝ ինչո՞ւ է ինքը դժգոհ, կարևորը՝ Ալիևը գոհ լինի: Կարծում եմ՝ դիսոնանս կա իր և Ալիևի պատկերացումների միջև:

– Նշեցիք, թե պաշտպանողական դիրք է բռնել, բայց հայ լրագրողների հետ ավելի շատ հարձակողական տոնով և կշտամբանքով է խոսել:

– Ոչ, հակառակը: Իրենք ինչո՞վ են զբաղված վերջին շրջանում: Իրենք զբաղված են մերժելով և ետ պահելով այն գաղափարը, որ Արցախը պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ: Իրենք դրանից պաշտպանվում են, ես ոչ մի հարձակողական բան չեմ տեսնում: Հարձակողական է, երբ ինչ-որ պահանջներ են ներկայացնում, երբ ինչ-որ ուղղությամբ աշխատանքներ են տանում: Իսկ իրենք հիմա միայն փորձում են պաշտպանվել այն թեզից, որն արդեն իսկ գոյություն ունի և միջազգայնորեն ընդունվել է Բիշքեկում: Իրենց ամբողջ հռետորաբանության մեջ կարմիր գծով անցնում է այն, որ ուզում են բացատրել, թե ինչու պետք է Արցախը չլինի, և ոչ թե հարձակվում են:

Տեսանյութեր

Լրահոս