«Պետք չէ հապճեպ որևէ ուսուցողական գրականություն թարգմանել, առավել ևս՝ երեխայի սեռական դաստիարակությանը վերաբերող». բժիշկ-սեքսոպաթոլոգ
Ընտանիքը` որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական: Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը, բարգավաճում ժողովուրդը: Հայ ընտանիքի սեռական խնդիրների մասին զրուցել ենք ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանի հետ։
Զույգի միջև առկա ցանկացած խնդիր հանգեցնում է նաև սեռական առողջության վատթարացման
– 2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց՝ որպես Ընտանիքի օր:
Ամեն տարի այս օրը Հայաստանում նշվում է՝ գոնե քննարկումների տեսքով: Սա հերթական անգամ ինֆորմացիոն ազդակ է այն զույգերին, ընտանիքներին, ովքեր գուցե ինչ-որ խնդիրներ ունեն անձնական հարաբերություններում, բայց չեն բարձրաձայնել, չեն դիմել մասնագետների օգնությանը: Զույգի միջև առկա ցանկացած խնդիր հանգեցնում է նաև սեռական առողջության վատթարացման կամ սեռական խանգարման: Այս դեպքում ընտանիքի օրվա իմաստն ավելի է կարևորվում, որովհետև շատ դեպքերում զույգերը՝ բախվելով սեռական խնդրի, լռության են փորձում մատնել, ինչը, ելնելով ինչ-ինչ կոմպլեքսներից, գուցե անտեղյակությունից, ավելի է բարդացնում վիճակը՝ հանգեցնելով թե՛ հոգեբանական մթնոլորտի վատթարացման, թե՛ հավելյալ սեռական այլ խնդիրների առաջացման: Բայց եթե զուգահեռներ անցկացնենք անցած տարիների հետ, ապա պետք է ասել, որ տարբերություն կա, սայլը տեղից շարժվում է, զույգերը կարևորում են իրենց ընտանեկան առողջության, ներդաշնակության հարցը և անհրաժեշտության դեպքում քայլեր են ձեռնարկում՝ դիմելով համապատասխան մասնագետների:
Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսոպաթոլոգը մարդու սեռական առողջության բժիշկն է
– Սեռական առողջությունն ընդհանուր առողջության անբաժանելի մասն է: Հայերը սկսել են հետևել իրենց սեռական առողջությանը: Տարիներ առաջ սեքսոպաթոլոգին դիմողների թիվը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեքսուալ կուլտուրայի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսոպաթոլոգի մասին սխալ պատկերացումները, և այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսոպաթոլոգը մարդու սեռական առողջության բժիշկն է, ով բուժում և կանխարգելում է սեռական խանգարումները:
Դիմելիությունը սեքսոպաթոլոգին այսօր բավականին պրոգրես է ապրում՝ համեմատած նախորդ տարիներին, որը ողջունելի է: Այսինքն՝ այն պատնեշը, որը կար բժիշկ-հիվանդ հարաբերություններում` շնոորհիվ ինտենսիվ և ակտիվ գործունեության ծավալման, հանրամատչելի հոդվածների, էլեկտրոնային նամակագրությունների, հասցվել է փոքրագույնի: Տեղեկատվական նման հարթակները թույլ են տալիս, ինչո՞ւ չէ, նաև օգնում են մարդկանց ազատ և անկաշկանդ բարձրաձայնել իրենց սեռական առողջությանը վերաբերող հարցերը:
Դրանք այն խնդիրներն են, որոնք տարիներ շարունակ արմատացել են և լռության մատնվել. լռել են ընտանիքներում, լռել են զույգերի միջանձնային հարաբերություններում` կարծրանալով, հասցրել տրամաբանական հանգուցալուծմանը` ընտանեկան աններդաշնակությունների, ամուսնալուծությունների, սեռական ցանկության նվազման կամ իսպառ բացակայության, պոտենցիայի խանգարման, ցավերով և վախով ուղեկցվող սեռական հարաբերությունների, կանանց մոտ ավելի շատ` հեշտանքի խանգարումների, և, ի վերջո, անպտղության։ Որպես կանոն, սեռականին վերաբերող հարցերը չենք դիտում՝ իբրև մեկ անձի խնդիր, դրանք համարվում են զույգային խնդիրներ:
Շատ հաճախ զանգահարում են կամ գրում՝ ասելով` խնդրում ենք ասել այս կամ այն դեղի անվանումը, որը կօգնի լուծել իրենց սեռական խնդիրները: Այս դեպքում պետք է չափազանց զգույշ և ուշադիր լինել։ Մինչ ինչ-որ դեղ նշանակելը հարկավոր է իմանալ խնդրի առաջացման պատճառները, քանի որ սեռական խնդիրներին վերաբերող պատճառները տարաբնույթ են և բազմազան։
Այս դեպքում իրավիճակին ճիշտ գնահատական տալու համար անհրաժեշտ է անցնել սեքսոլոգիական խորհրդատվությունը: Ճիշտ և գրագետ խորհրդատվության արդյունքները համարվում են խնդրի լուծման կեսը: Մանրամասն խորհրդատվությունից հետո, եթե հարկ է լինում, բժշկի ցուցումով կատարվում են հավելյալ հետազոտություններ։
Պետք է փաստել, որ վերջերս, բարեբախտաբար, երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը սկսել են ավելի հաճախ բժշկի դիմել: Ինչ խոսք, նախաամուսնական խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հետազոտությունը, ողջունելի են, քանի որ լինում են սեռական որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել և բուժել:
Մեր կլինիկա դիմող այցելուների պատկերը մոտավորապես հետևյալն է. 50 տոկոս տղամարդիկ, 25 տոկոս կանայք և 25 տոկոս ամուսնական զույգեր: Հաճախում են զույգեր, որ որևէ խնդիր չունեն, բայց դիմում են՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
Այցելում են տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչները՝ դեռահասները, պատանիները, երիտասարդները, հասուն մարդիկ, ինչպես նաև ավագ սերնդի ներկայացուցիչները: Դիմում են այն խնդիրներով, որոնք վերաբերում են սեռական առողջությանը: Եվ այդ առումով սեքսոպաթոլոգը հիրավի համարվում է սեռական առողջության պաշտպանը։ Տղամարդիկ առավել հաճախ դիմում են սեռական հետևյալ խնդիրներով՝ էրեկցիայի (պոտենցիայի) խանգարում կամ, ժողովրդական լեզվով ասած, իմպոտենցիա (սեռական թուլություն), վաղաժամ և ուշացած սերմնաժայթքում, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, անպտղություն, սեռական խանգարումներ` պայմանավորված սեռավարակներով, պրոստատիտով, նևրոզով և այլն, սեռական աններդաշնակության հարցեր, և այլն:
Կանայք՝ անօրգազմիա, սեռական բավարարվածության բացակայություն, վագինիզմ, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, ցավոտ սեռահարաբերություն, զզվանք սեռական հարաբերությունից, ցավ սեռական հարաբերության ժամանակ, սեռական աններդաշնակություն, և այլն:
Պետք է հստակ գիտակցել, որ անկողնային անախորժությունները վաղ թե ուշ կարող են ընտանիքի կործանման պատճառ դառնալ
– Սեռական կյանքի հարցերի վերաբերյալ հասարակության տեղեկացվածության բարձրացումը նպաստում է նրան, որ մարդիկ սկսել են ավելի քննադատորեն մոտենալ իրենց սեռական կյանքի այս կամ այն դրսևորմանը: Անչափ կարևոր է այն փաստը, որ ամուսինները փորձում են ավելի հագեցած, ավելի բազմաբովանդակ և ներդաշնակ դարձնել իրենց սեռական կյանքը: Պետք է հստակ գիտակցել, որ անկողնային անախորժությունները վաղ թե ուշ կարող են ընտանիքի կործանման պատճառ դառնալ:
Այս իսկ պատճառով մաղթում եմ, որ ընտանիքում միշտ տիրի հոգեբանական և ֆիզիոլոգիական ներդաշնակություն: Իսկ եթե սեռական կյանքում ամպամած եղանակ է առաջանում, պետք է չէ սպասել, լռել, հետաձգել: Պարզապես պետք է ժամանակին դիմել սեքսոպաթոլոգի օգնությանը: Չէ՞ որ կայուն ընտանիքն «առողջ» պետության գրավականն է:
«Իմ մարմինն անձնական է» աղմուկ հանած գրքույկը «փոթորիկ է՝ մեկ բաժակ ջրում»
– Նմանատիպ գրքույկներ նախկինում էլ են հրատարակվել, բայց լռության են մատնվել, որովհետև ուշադրություն չեն դարձրել: Իհարկե, համաձայն եմ վարչապետի այն խոսքի հետ, որ երեխաներին պետք է սեռական գրագիտություն, բայց այստեղ շատ կարևոր է մատուցման ձևը: Ո՞վ, ինչպե՞ս է մատուցում, ի՞նչ չափաբաժնով, օրինակներով: Չէ՞ որ հաշվի պետք է առնել էթնոմշակութային, ազգային առանձնահատկությունները:
Բոլորվին կարիք չկա՝ վերցնել ու թարգմանել օտարի ստեղծածը, որովհետև օտարինը հարմարեցված է իր ազգին, մշակույթին: Ցանկացած նմանատիպ ինֆորմացիա շատ զգուշորեն պետք է մատուցել, շտապողականությունը միայն վնասակար է։
Պետք չէ հապճեպ որևէ ուսուցողական գրականություն, առավել ևս՝ երեխայի սեռական դաստիարակությանը վերաբերող, թարգմանել, քանի որ հետագայում նմանատիպ աշխատանքի պատճառով կարող ենք այլ խնդիրներ ունենալ: Կարևոր է հաշվի առնել, թե ո՞վ է ընթերցողդ, որովհետև մատուցման կերպն ու բովանդակությունն այլ է, երբ ձեռնարկը նվիրված է ծնողներին, և բոլորովին այլ պատկեր է, երբ ուղղված է դեռահասներին կամ 3-6 տարեկան երեխաներին:
Անի Կարապետյան