Հայաստանը շարունակում է մեծ քանակությամբ տարադրամ արտահանել

Ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից բավական ինտենսիվ տեմպերով շարունակվում է։ Քաղաքացիները միայն բանկային համակարգով ամսական շուրջ 100 մլն դոլար են դուրս հանում երկրից։

Թավշյա հեղափոխությունը, ըստ էության չկանգնեցրեց այդ պրոցեսը։ Ընդհակառակը` այն գնալով խորանում է։ Այլ բան հավանաբար չէր էլ կարող լինել, եթե հաշվի առնենք, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում տեղի են ունենում երևույթներ, որոնք ամենևին էլ դրա օգտին չեն։

Նախկիններին պատժելու անթաքույց ձգտումը ստիպում է նախորդ իշխանության ներկայացուցիչներին կամ նրանց ժամանակ տարբեր ճանապարհներով հարստացածներին մտածել կապիտալը ոչ թե ներսում պահելու կամ տնտեսության մեջ ներդնելու, այլ ավելի ապահով վայր տեղափոխելու մասին։ Մյուս կողմից` սոցիալական իրավիճակը Հայաստանում մնում է նույնքան լարված, որքան նախկինում։ Իշխանափոխությունը չտվեց այն, ինչ ակնկալվում էր։ Մինչ սպասվող մեծ հարենադարձությունը չի կայանում, նույն տեմպով շարունակում է արտագաղթը, ինչը դարձել է կապիտալի արտահանման հիմնական պատճառներից մեկը։

Արդյունքում՝ ունենք այն, որ այսօր էլ ֆիզիկական անձանց միջոցով հսկայական գումարներ են արտահոսում երկրից։

Անցած տարի միայն բանկային համակարգով Հայաստանից դուրս բերվեց շուրջ 1,2 մլրդ դոլար։ Սա աննախադեպ ցուցանիշ էր։ Նախկինում երբևէ ֆիզիկական անձանց միջոցով այդքան տարադրամ դուրս չէր եկել Հայաստանից։

Բայց դա դեռ ամենը չէ. ոչ պակաս մեծ գումարներ դուրս են գալիս նաև այլ ճանապարհներով։

Խոսքը մասնավորապես կանխիկի մասին է, ինչը թույլ է տալիս հնարավորինս աննկատ մնալ։ Հատկապես որ, վերջին շրջանում ֆինանսական համակարգը Հայաստանում շատ ավելի թափանցիկ է դարձել։ Այն աստիճան, որ իշխանության որոշ ներկայացուցիչների համար բանկային գաղտնիքն այլևս գաղտնիք չէ։ Այս պայմաններում առավել ևս դժվար չէ հսկողության տակ պահել ֆինանսական փոխանցումների տեղաշարժերը։

Թվում էր, թե կապիտալի դուրսբերումը ժամանակավոր երևույթ է, և իշխանափոխությունից հետո աստիճանաբար կմեղմանա։ Բայց այդպես չեղավ։ Ֆինանսական միջոցների արտահանումն ակտիվ է նաև այս տարվա սկզբին։

Պաշտոնական տվյալներով՝ առաջին եռամսյակում բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձինք դուրս են փոխանցել գրեթե 287 մլն դոլար։ Սա 13 միլիոնով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի փոխանցումներն էին։

Միայն հունվարին բանկային համակարգի միջոցով դուրս է եկել ավելի քան 101 մլն դոլար։ Փետրվարին այն կազմել է 92 միլիոն, մարտին` 93 մլն դոլար, որոնք պակաս փոքր գումար չեն։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին արտահոսքի ակտիվացումը երբեմն տեղի է ունենում դրսից ստացվող միջոցների նվազման ֆոնին։ Դեռ լավ է, որ այս տարվա սկզբին նման երևույթ չկա։

Թեև հիմնական գործընկեր երկրի` Ռուսաստանի հետ հարաբերություններում մտահոգվելու առիթներ կան։ Այդ երկրից մտնող գումարները պակասել են։ Փոխարենը՝ Հայաստանից փոխանցումները շարունակել են ավելանալ։

Տարեսկզբի երեք ամիսներին ոչ կանխիկ կապիտալի արտահոսքը Ռուսաստան հասել է գրեթե 120 մլն դոլարի` մեկ տարվա ընթացքում ավելանալով 18 մլն դոլարով։ Այն դեպքում, երբ հակառակ հոսքերն այդ երկրից 6 մլն դոլարով նույնիսկ կրճատվել են`  նախորդ տարվա 201 մլն դոլարից հասնելով 195 միլիոնի։

Երբ համադրում ենք Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ֆինանսական հոսքերի տեղաշարժը, դրանք միանշանակ մեր օգտին չեն։ Որքան էլ շարունակում են ՌԴ-ից ստացվող գումարները գերազանցել հայաստանյան արտահոսքին, այնուհանդերձ այդ տարբերությունը վերջին տարիներին գնալով կրճատվում է։ Պաշտոնական տվյալներով՝ առաջին եռամսյակում դրական հաշվեկշիռը կազմել է ընդամենը 75 մլն դոլար՝ նախորդ տարվա 100 միլիոնի դիմաց։ Պատճառը՝ ինչպես ներհոսքի կրճատումն է, այնպես էլ՝ Ռուսաստան կատարվող փոխանցումների ավելացումը։ Ոչ վաղ անցյալում նույնիսկ մեկ ամսվա կտրվածքով ավելի շատ գումար էր մնում Հայաստան ռուսական շուկայի հաշվին, քան եղել է այս տարվա առաջին երեք ամիսներին։

Թեև խնդիրը միայն այդ երկրի մասով չէ։ Եթե երկու-երեք տարի առաջ դրսից ֆիզիկական անձանց փոխանցումների ավելի քան 60 տոկոսը մնում էր Հայաստանում, ապա անցած տարի այն կազմեց ընդամենը 32-33 տոկոս, իսկ այսօր արդեն հասել է 27-28 տոկոսի։ Ակնհայտ է, որ պրոցեսն արագորեն խորանում է։ Այս միտումները շարունակվելու դեպքում, չի բացառվում, որ շուտով բախվենք շատ ավելի լուրջ խնդրի, երբ քաղաքացիների միջոցով դուրս փոխանցվող գումարները գերազանցեն մուտքերին։

Այս տարի ակտիվություն կա ոչ միայն՝ Ռուսաստան, այլև՝ Միացյալ Նահանգներ կապիտալի արտահոսքի առումով։ Տարեսկզբի երեք ամիսներին ֆիզիկական անձինք այդ երկիր են փոխանցել ավելի քան 52 մլն դոլար։

Սակայն այնպես չէ, որ ֆինանսական միջոցները միայն այս երկու ուղղություններով են գնում։ Որքան էլ դրանք ամենամեծ հետաքրքրություն ներկայացնող երկրներն են ֆիզիկական անձանց համար, այնուհանդերձ Հայաստանից կապիտալի հոսքի աշխարհագրությունը բավական ընդգրկուն է և ներառում է մեկ տասնյակից ավելի երկրներ։

Ինչո՞ւ և ի՞նչ նպատակով է տեղի ունենում կապիտալի ատահոսքը։ Այդ առումով պաշտոնական տվյալներ չկան կամ ուղղակի չեն հրապարակվում։

Ամեն դեպքում, պարզ է, որ ներքին շուկայից կապիտալի արտահանման պատճառները տարբեր են։ Անշուշտ, դրա մի մասն ուղղված է ներմուծման ֆինանսավորմանը`  կլինի զուտ անձնակա՞ն, թե՞ իրացման նպատակով։

Մյուս մասը, այսպես ասած, զուտ փախուստն է, որի ծավալների վերաբերյալ ևս տվյալներ չեն հրապարակվում։ Մի բան փաստ է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում ձևավորված իրավիճակը միանգամայն նպաստավոր է նման երևույթների համար։ Քանի դեռ կառավարությունը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծել, մարդկանց ունեցվածքը խլելու կամ ընտրովի արդարություն կիրառելու փորձեր անել` բնական է, որ կապիտալի արտահոսքը մեծանալու է։ Իսկ դա բնավ էլ Հայաստանի տնտեսության օգտին չէ։ Պատահական չէ, որ այն կորցրել է ներդրումների հույսը։

Հայտնի փաստ է, որ փողը գնում է այնտեղ, որտեղ իրեն ապահով է զգում։ Այնինչ` այսօր Հայաստանում այնքան էլ այդպես չէ։ Իշխանափոխությունից անգամ մեկ տարի հետո չկա վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Մարդիկ նույնքան անորոշության մեջ են, որքան իշխանափոխության առաջին շրջանում։ Ու դա է պատճառը, որ կապիտալի կրողները շարունակում են նույն կերպ չվստահել իշխանությանը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս