Դատախազները միջնորդեցին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցի քննարկումը շարունակել դռնփակ դատական նիստում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու գործով առաջին դռնբաց  դատական նիստը։

Երեկվա նիստի ընթացքում դատարանը լսեց կողմերի դիրքորոշումները հարցի վերաբերյալ։

Այսօրվա դատական նիստին ևս ներկա է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով երեկ այդպես էլ չներկայացավ՝ միանալու դատախազական թիմին, այսօր նույնպես դեռ դատարանում չէ։

Դատական նիստի սկզբում Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանն անդրադարձավ մեղադրանքի յուրաքանչյուր մասով հիմնավոր կասկածին։

Վերջինս նշեց, որ գործի նյութերի մեջ չկա որևէ դրվագ, որ կապացուցի հիմնավոր կասկածը, և նախագահ Քոչարյանի բոլոր գործողություններն ուղղված են եղել օրինական ընտրված նախագահին իր լիազորություններին անցնելու գործընթացն ապահովելուն, ինչը նա պարտավոր էր անել ՀՀ Սահմանադրությամբ։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ արտակարգ դրություն հայտարարվել է ոչ թե ողջ Հանրապետությունում, այլև Երևան քաղաքում։

Մեղադրանքի կողմն առարկեց Ալումյանի հայտարարություններին՝ համարելով, որ վերջինս հրապարակում է գործում եղած ցուցմունքներ, որոնք կարող են հրապարակվել մեղադրանքը գնահատելու փուլում, այլ ոչ՝ հիմնավոր կասկածի քննության ժամանակ։ Դատարանը մերժեց առարկությունը, իսկ պաշտպանը նշեց, որ ինքը կարող է հրապարակել ցանկացած բան, որը պետական գաղտնիք չի պարունակում, իսկ նախաքաննական գաղտնիքի մասին խոսք լինել չի կարող, այլապես ինքը չի կարող վիճարկել հիմնավոր կասկածը։

Դատախազները միջնորդեցին այդ ցուցմունքները հրապարակել դռնփակ նիստում, ինչին դատավորն արձագանքեց, որ նիստը դռնփակ անցկացնելու համար պետք է կատարել դռնփակ քննարկում։

Հայտարարվեց 5 րոպե ընդմիջում։

Ընդմիջմանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանն ասաց, որ նախաքննությունն ավարտվել է՝ մեղադրական եզրակացության հաստատմամբ, և նախաքննական գաղտնիքի խնդիր չկա։ Չկա նաև պետական գաղտնիք պարունակող ցուցմունքի հրապարակման հարց։ Իրենք գտնում են, որ դռնփակ դատական նիստ անելու որևէ խնդիր չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս