Բաժիններ՝

Ֆինլանդիան նշել է Եվրամիությունում իր նախագահության գերակայությունները

Հիբրիդային սպառնալիքներին եւ ապատեղեկատվությանը հակազդելը կլինի Եվրամիությունում Ֆինլանդիայի նախագահության գերակայություններից մեկը, որը Ռումինիայից նրան կանցնի հուլիսին: Այդ մասին մայիսի 14-ին հայտնել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Տիմո Սոյնին:

«ԵՄ-ում նախագահությունը հուլիսին կանցնի Ֆինլանդիային: Մեր ծրագիրը կամբողջացվի հենց որ մեր կառավարությունը երդում տա: Ուշադրության կենտրոնում լինելու են կրթությունը, իրավունքի գերակայությունը, ԶԼՄ-ները եւ հիբրիդային սպառնալիքները: Ինչ վերաբերում է «Արեւելյան գործընկերությանը», ապա սպառնալիքների նկատմամբ կայունության հարցը հիմնականն է լինելու մեր նախագահության ընթացքում»,-ասել է նա՝ Բրյուսելում ելույթ ունենալով «Արեւելյան գործընկերության» խորհրդաժողովում:

Նախարարը նաեւ հայտնել է նոյեմբերին Բրյուսելում կրթության հարցերի շուրջ նախարարական խորհրդակցություն անցկացնելու եւ դեկտեմբերին Հելսինկիում ԶԼՄ-ների եւ ապատեղեկատվությանը հակազդելու հարցերի շուրջ հանդիպում անցկացնելու պլանների մասին: Վերջինն տարիներին ԵՄ-ում նախագահությունը կազմակերպվում է «եռյակի» սկզբունքով. երեք երկրներ վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուրն աշխատում է ընդհանուր շրջանակային ծրագրի իրագործման վրա:

«Եռյակը» սահմանում է երկարաժամկետ նպատակները եւ պատրաստում ընդհանուր օրակարգ, որը մատնանշում է այն ընդհանուր թեմաներն ու հիմնական հարցերը, որոնք 18-ամսյա ժամանակաշրջանի ընթացքում քննարկվելու են ԵՄ-ի խորհրդի կողմից: Արդեն այդ ծրագրերի հիման վրա երեք երկրներից յուրաքանչյուրը պատրաստում է իր ավելի հանգամանալի վեցամսյա ծրագիրը: Այդ սկզբունքը 2009 թվականին օրենսդրորեն ամրագրվել է Լիսաբոնի պայմանագրով:

Այս շրջափուլում նախագահելու են Ռումինիան, Ֆինլանդիան եւ Խորվաթիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս