Շրի Լանկայի նախագահը երեք ծայրահեղական խմբավորում արգելեց երկրի տարածքում
Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան երկրի տարածքում արգելել է երեք ծայրահեղական խմբավորումների գործունեությունը, որոնք կասկածվում են ապրիլի 21-ի պայթյուններին մեղսակից լինելու մեջ: Այդ մասին հայտնել է News 1st լրատվական պորտալը:
Հրապարակված հրամանագրի համաձայն՝ արգելիքի տակ են հայտնվել «Ջամաաթ աթ-Թաուհիդ ալ Վաթանիա», «Ջամաաթ ալ Միլլաթու Իբրահիմ» եւ «Վիլայա աս Սեյլանի» խմբավորումները: Նախօրյակին Շրի Լանկայի ոստիկանությունը հայտարարել Է կղզու Հյուսիսարեւմտյան նահանգում պարետային ժամ սահմանելու մասին՝ կապված մուսուլմանական եւ բուդդայական բնակչության միջեւ բախումների հաճախացած դեպքերի հետ: Պարետային ժամի ռեժիմը գործելու է ընդհուպ մինչեւ հատուկ կարգադրություն:
Պարետային ժամի ընթացքում ոստիկանության լրացուցիչ ջոկատներ են պարեկելու փողոցները հնարավոր անկարգությունները կանխելու համար: Ապրիլի 21-ին՝ կաթոլիկների ու բողոքականների կողմից Զատիկի տոնակատարության օրը, Շրի Լանկայում տեղի են ունեցել երկրի պատմության մեջ խոշորագույն ահաբեկչական գործողությունները:
Ընդհանուր առմամբ Կոլոմբո, Նեգոմբո եւ Բաթիկալոա քաղաքներում որոտացել է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկական եկեղեցիներում՝ զատկական ծիսակատարությունների ժամանակ եւ հյուրանոցներում: Ըստ վերջին տեղեկությունների, ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է շուրջ 250 մարդ:
Իշխանությունները ենթադրում են, որ գրոհների հետեւում կանգնած է «Ջամաաթ աթ Թահուիդ ալ Վաթանիա» տեղական խմբավորումը, որը կարող է կապեր ունենալ արտասահմանյան իսլամիստական կազմակերպությունների հետ: Մինչ այժմ իշխանություններն արդեն ավելի քան հարյուր մարդ են ձերբակալել, որոնք, ենթադրաբար, մեղսակից են ահաբեկչական գործողություններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: