
Ցուցադրվել է «Գահերի խաղի» եզրափակիչ սերիայի թրեյլերը

HBO ընկերությունը թողարկել է «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի վերջին սերիայի թրեյլերը: Տեսանյութը հրապարակված է YouTube-ում սերիալի պաշտոնական օգտահաշվում։
Ավելի վաղ «Գահերի խաղը» սերիալում Դեյեներիս Թարգարիենի դերակատար Էմիլյա Քլարքը պատմել է, որ սագայի եզրափակիչը կդառնա «իսկական խելահեղություն» եւ հանդիսատեսներին խորհուրդ է տվել գտնել «ամենամեծ հեռուստացույցը»:
«Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով:
Սերիալի վերջին եթերաշրջանն սկսվել է 2019 թվականի ապրիլին: Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ է ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: