«Պետրոս Ղազարյանը ևս մեկ անգամ իր հավատարմության երդումն է տալիս իշխանություններին». Աղասի Ենոքյան

Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ լրագրողների հետ զրույցից հետո իշխանական ճամբարից իսկական արշավ սկսվեց վերջինիս դեմ։

Դրան միացան նաև տարբեր գործիչներ, այդ թվում՝ նաև Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի ղեկավար Պետրոս Ղազարյանը։

Վերջինիս հայտարարությունից հետո «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, որի ղեկավարը քաղաքագետ Աղասի Ենոքյանն է, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշել էր, որ «Հայաստանի Հանրային հեռուստատեսության՝ Հ1-ի, քաղաքական և լրատվական հաղորդումների պատասխանատու Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ միացել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի դեմ կազմակերպված արշավին»։

Այս հայտարարությանը Պետրոս Ղազարյանի արձագանքը չուշացավ։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Չգիտեմ էս մեդիա պաշտպանն ովա։ Բայց մեր բանականությունը պետք է պաշտպանել էս պաշտպանից»։

168.am-ը Աղասի Ենոքյանին խնդրեց մեկնաբանել այս հայտարարությունը՝ փորձելով ճշտել նաև, թե արդյո՞ք Պետրոս Ղազարյանը չի ճանաչում իրեն։

«Ես կարծում եմ, որ նա ինձ ճանաչում է, ու գիտեի, որ ես «Մեդիա պաշտպանի» ղեկավար եմ հանդես գալիս, իսկ հայտարարությունը մեկնաբանելը… Ես չգիտեմ՝ ո՞վ իրեն պետք է պաշտպանի «Մեդիա պաշտպանից»։ Մենք գրել ենք պարզ բան։ Մենք գրել ենք այն մասին, որ ինքը միացել է Վիտալի Բալասանյանի դեմ արշավին, միացել է հին շտամպներով։ Այսինքն՝ ես չեմ հասկանում նույնիսկ՝ իր միանալու էֆեկտը որն է, որովհետև ինքն այդ արշավին որևէ նոր բան չի ավելացրել։ Երևի իր միանալը լոյալության, հավատարմության ևս մի երդում է»,- ասաց Աղասի Ենոքյանը։

Վերջինս կարծում է, որ հանրային փողերով սնվող հեռուստատեսության ղեկավարներն իրավունք չունեն քաղաքական դիրքորոշումներ ունենալ։ Քաղաքագետը հիշեց, որ երբ ժամանակին ինքն աշխատում էր «Ազատություն» ռադիոկայանում, իրենց արգելում էին անգամ ֆեյսբուքյան գրառումներ կատարել, անգամ, եթե դրանք չեզոք կլինեին։

«Ուզում եմ ասել, որ նույն այդ հիշյալ ռադիոկայանը նույնպես հանրային փողերով էր սնվում, և ուրեմն այն, ինչ գալիս է հանրային փողերից, դրա մեջ չի կարող լինել կանխակալ վերաբերմունք։ Իսկ այստեղ հստակ կանխակալ վերաբերմունք է, և մենք տեսնում ենք, որ ևս մեկ անգամ Պետրոս Ղազարյանն իր հավատարմության երդումն է տալիս իշխանություններին, ինչը, ես կարծում եմ, ճիշտ չէ։ Այսինքն՝ իր անձնական դիրքորոշումը կարող է այդպես լինել, բայց իր դիրքորոշումը՝ որպես Հանրային հեռուստաընկերության քաղաքական և լրատվական պատասխանատուի, ճիշտ չէ, չի կարող այդպիսին լինել»,- նշեց Աղասի Ենոքյանը։

168.am-ի այն հարցին, թե օրեր առաջ Երևանում անցկացված Գինու փառատոնին ինքը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, ո՞րն է եղել նրանց զրույցի թեման, քաղաքագետը պատասխանեց.

«Մենք ընդամենը բարևել ենք, միմյանց ողջությունն ենք հարցրել։ Առանձնապես զրուցելու բան չկար։ Նիկոլ Փաշինյանն իմ ընկերն է, և ես ուրախ էի, որ 3 տարի հետո հնարավորություն ունեցա նրան ողջունելու։ Չեմ կարծում, որ քաղաքական դիրքորոշումները պետք է խառնել անձնական հարաբերությունների հետ»։

Տեսանյութեր

Լրահոս