Բաժիններ՝

Անշարժ գույքի շուկան սպասողական դիրքորոշում է որդեգրել. Հակոբ Բաղդասարյան

2019թ. մարտին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 15.213 իրավունքների պետական գրանցման գործարք: Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ամփոփ տեղեկատվության՝ անցած տարվա մարտին իրականացվել է՝ 14.258, իսկ այս տարվա փետրվարին՝ 13.223 գործարք:

Անշարժ գույքի շուկայի մասնագետ, «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ գործարքների ավելացման հիմնական խթանը հիպոթեքային վարկավորումն է:

«Փոխկապացվածությունը միայն հիպոթեքային վարկերի ավելացման ծավալի հետ է՝ եկամտահրակի ետվերադարձելիության գործոնով պայմանավորված: Պետությունն այդ հնարավորությունը տվել է բոլոր քաղաքացիներին, և ովքեր դրանից օգտվելու հնարավորություն ունեն, փորձում են օգտագործել այդ հնարավորությունը, եթե նույնիսկ բնակարան ձեռք բերելը հրատապ չի իրենց համար»,- ասաց Հ.Բաղդասարյանը:

Ընդհանուր առմամբ, ըստ մասնագետի, անշարժ գույքի շուկան սպասողական դիրքորոշում է որդեգրել՝ կապված բիզնեսի աշխուժացման հետ. «Այժմ այն պահն է, որ բիզնեսը պետք է էֆեկտիվ աճ տա, որպեսզի այն շարունակական լինի անշարժ գույքի շուկայում: Այդ ակտիվությունն էլ կապված է հարկային, մաքսային բարեփոխումների հետ»:

Հարցին՝ արդյոք մարզերում ակտիվացում նկատվո՞ւմ է, թե՞ հետաքրքրությունն առավելապես մայրաքաղաքում է, Հ.Բաղդասարյանը պատասխանեց, որ մարզերում ակտիվանալու համար Երևանում պետք է առնվազն 30% թանկացում լինի. «10% գների աճը, որ անցած տարի եղել է, բավարար չի, պետք է երեք անգամ ավելի փոխվի, որ հողի գնային ազդեցություն թողնի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս