Բաժիններ՝

«Քանի դեռ դրանք մշակված չեն, նորմալ է, հենց փորձում ես մշակել, սեփականատերերը դուրս են գալիս». Գործարարը դիմեց Փաշինյանին

«Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ Ռուսաստանից ժամանած վարդենիկցի գործարար Արթուր Այվազյանը նշեց, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան, իր հետ շատ այլ հայեր և գործարարներ՝ նույնպես, բայց հողերի բաշխման հետ կապված որոշ մտահոգություններ ունեն։

«Քանի դեռ դրանք մշակված չեն, նորմալ է, հենց փորձում ես մշակել, սեփականատերերը դուրս են գալիս»,- ասաց նա:

Գործարարը տեղեկացրեց նաև իր հայրենի գյուղում մանկապարտեզի խնդրի մասին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ նշելով, որ հողային հարցի վերաբերյալ գործարարին պատասխան կտա համաժողովին ներկա Գյուղատնտեսության փոխնախարարը, ապա մանկապարտեզների հարցով նկատեց, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում կետ կա, որտեղ արձանագրված է, որ առաջիկա հինգ տարում հանրապետության երեխաների առնվազն 70 տոկոսը կապահովվի նախակրթարաններով։

Գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը պարզաբանեց նաև գործարարի՝ հողերի մասին մտահոգությունը. «Դուք շատ ճիշտ եք, դա մեր երկրի ամենամեծ խնդիրներից է, և հիմա մենք Գյուղնախարարությունում զբաղվում ենք և մշակում ենք մի քանի օրենքներ, թե ոնց ենք էդ խնդիրը լուծելու»։

Քամալյանը տեղեկացրեց, որ մինչ օրենք ընդունելը՝ հանրային քննարկումներ նույնպես կլինեն։

«Մենք ուզում ենք օրենք ընդունել, որ այն մարդիկ, ովքեր երկու տարի չեն օգտագործում իրենց հողակտորները, վարձակալության տան պետությանը։ Պետությունը կստեղծի հարթակ և մեծ հողակտորներ կսարքի՝ մշակելու ցանկություն ունեցողներին վարձակալության տալու նպատակով՝ երկարաժամկետ՝ 15+ տարով»,- ասաց Քամալյանը։

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս