Բաժիններ՝

«Չգիտեմ՝ տգիտությո՞ւնն է, թե՞ ուզում են ինչ-որ բան քողարկել, բայց գյուղացուն մենակ թողնել հողի հե՞տ». Հրաչ Բերբերյան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ դրա՝ 17 նախարարություններից օպտիմալացման արդյունքում մնալու է միայն 12-ը։ Գյուղատնտեսության նախարարությունը միավորվելու է Էկոնոմիկայի նախարարության հետ։ Գյուղոլորտի բազմաթիվ մասնագետների համար անտրամաբանական ու անորոշ է նման միացումը։ «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում նշում է, որ ոչ թե պետք է կրճատեին նախարարությունը, այլ հետևեին, որ այն արդյունավետ աշխատի։

«Հետևանքները դեռ հաջորդ տարի կտեսնենք. ընդհանրապես բարձիթողի կլինի գյուղը։ Այդ նախարարությունն ապահովում է ՀՆԱ-ի 15 տոկոսը, ո՞նց են փակել։ Չգիտեմ՝ տգիտությո՞ւնն է, թե՞ ինչ-որ հետքեր, հաշվապահություն ոչնչացնելու համար, բայց գյուղացուն մենակ թողնել հողի հե՞տ…»,- զարմանում է Բերբերյանը։

Անդրադառնալով թանկացումների մասին մեր հարցին՝ Հ. Բերբերյանն առանձնացնում է մասնավորապես սոխի ու կարտոֆիլի թանկացումը, որոնց մասին խոսել ու կանխատեսել էր դեռ ամիսներ առաջ.

«Դեռ անցած գարնանն ասել էինք, որ ցանքատարածքներ են պակասել։ Անցյալ տարվա համեմատ՝ սոխի 2018 թվի  ցանքատարածքները պակասել են մոտ  30 տոկոսով, քանի որ  2017 թվականին ռեկորդային բերք ունեցանք, որի մի մասը գյուղացին չկարողացավ իրացնել ու ցանքատարածքները պակասեցրեց։ Ունեցանք այն, ինչ ունեցանք. Բերքի պակասը բերում է գների աճին։ Նույն խնդիրն է նաև կարտոֆիլի մասով»։

Կարդացեք նաև

Ըստ Բերբերյանի՝ հանրապետությունում կա նաև սերմացուի և պարարտանյութի խնդիր. «Եթե սոխի սերմի խնդիր, որպես էդպիսին, չկա հանրապետությունում (մենք մեր ֆերմերներին ապահովել ենք, ու այս տարի էլ կապահովենք), ապա շատ վատ է վիճակը՝ կարտոֆիլի սերմացուի հետ կապված։ Եթե Հայաստանն իր նորմատիվներով պետք է կարտոֆիլի տնկանյութի սերմաթարմացում կատարի տարեկան առնվազն մինչև 4000 տոննա, ապա անցյալ տարի այն եղել է 1200 տոննա, այս տարի՝ մոտ 800 տոննա. ավելի է վատացել վիճակը, այսինքն՝ աշնանն էլ ավելի ծանր բերք կունենանք, քան այս տարի»։

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս