«Այդ ծրագրերն իրականցնելու համար մեզ պետք են այս մարդիկ». Արտակ Քամալյան
«ՀՀ-ում այս պահին մենք ունենք շատ հետամնաց գյուղատնտեսություն. մոտ 40-50 տարի հետ ենք աշխարհի լավագույն երկրների գյուղատնտեսություններից»,- այս մասին «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար համաժողովին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը՝ նկատելով, որ այն իր համար է նորություն, քանի որ ինքը Հայաստանում նոր մարդ է։
Որպես ապացույց նա մատնանշեց հետևյալ օրինակը. «Անցյալ տարի մենք ունեցանք ցեցի հետ կապված լոլիկի արտադրության մոտ 30-40 տոկոս անկում, միևնուն ժամանակ՝ երեկ կարդում էի հոդված, որը պատմում էր, որ ԱՄՄ-ի Կալիֆորնիայի համալսարանը կոմբայն է ստեղծել, որն առանց մարդու օգնության հավաքում է ելակի բերքը»։
Նա նշեց, որ հստակ հասկանում են՝ ինչ պիտի անել և, խոսքն ուղղելով համաժողովին ներկա գործարարներին, նկատեց. «Այդ ծրագրերը մենք ունենք։ Այդ ծրագրերը իրականցնելու համար մեզ պետք են այս մարդիկ»։
Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը պաշտոնը ստանձնել է 2018 թ. սեպտեմբերի 6-ին։
Հիշեցնենք նաև, որ Կառավարության կառուցվածքային փոփոխություններով տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունը վերանվանվելու և կոչվելու է էկոնոմիկայի նախարարություն:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար համաժողով և տեղական արտադրանքի «EXPO» ցուցահանդես։
Համաժողովին ներկա են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, տեղի և արտասահմանյան ներդրողներ ու գործարարներ, բանկային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ, գիտնականներ, վերլուծաբաններ, պետական և հասարակական շրջանակների այլ ներկայացուցիչներ:
Զարուհի Դիլանյան