Բաժիններ՝

Համաշխարհային բանկը 13,4 մլն եվրո կհատկացնի Հայաստանին գյուղական ճանապարհի վերակառուցման համար

Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը մայիսի 8-ին հաստատել է Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրին (#LRNIP) 13,4 միլիոն եվրո (15 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք) լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը, որով կվերակառուցվի 61կմ երկարությամբ գյուղական ճանապարհ։ Ճանապարհի վերակառուցումը ավելի քան 60 հազար մարզային բնակչությանը հասանելիություն կապահովի շուկաներին և սոցիալական ծառայություններին: Այս մասին տեղեկացրին Համաշխարհային բանկից:

«Չնայած վերջին տասնամյակում տեսանելի բարելավմանը՝ Հայաստանի ճանապարհների 40 տոկոսը մնում է վատ վիճակում, և գյուղական բնակչության մեկ երրորդի համար տարվա բոլոր եղանակներին ճանապարհը հասանելի չէ: Երկրում դեռևս կա վերականգնման և պահպանման ուղղությամբ զգալի ներդրումների կարիքը: Շուկաների հետ սահմանափակ կապը և ճանապարհների վատ վիճակը խոչընդոտում է գյուղական վայրերից առևտուրը,  ինչը որոշ համայնքների դեպքում կարող է հանգեցնել զգալի կորսված հնարավորությունների: Ուստի, առևտրի խթանումը և տեղական արտադրության համար շուկաների հետ կապի ստեղծումը գյուղերում աղքատության նվազեցման և երկրում տնտեսական աճի խթանման գերխնդիրն է մնում»,- ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

«Կենսական նշանակության լրացուցիչ ճանապարհների վերականգնումը կդյուրացնի աշխատատեղերի, շուկաների և այլ հիմնական ծառայությունների հասանելիությունը մարզերի ավելի քան 60․000 բնակչի համար», – նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:- «Գյուղատնտեսական առևտրի խթանման համար կենսական է գյուղական ենթակառուցվածքների բարելավումն ու պահպանումը։ Այն գյուղացիական տնտեսություններին և փոքր բիզնեսներին հնարավորություն է տալիս  ավելի հեշտությամբ և քիչ ծախսով իրենց մթերքը շուկա հասցնել ՝ ըստ այդմ դառնալով տնտեսական աճի և տեղական զբաղվածության խթան»:

Վերականգնման աշխատանքները Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը (ՏԿՏՏՆ) կաջակցեն աղետավտանգ վայրերում ճանապարհային ենթակառուցվածքի բնակլիմայական ռիսկերի՝ սողանքների, քարաթափումների և հեղեղումների ուսումնասիրման հարցում: Սույն ռիսկի գնահատումը կուղեկցվի շտկող գործողությունների բացահայտմամբ:  

Լրացուցիչ ֆինանսավորումը Հայաստանին կօգնի նաև ճանապարհների անվտանգության բարելավման և մարդկային կյանքերի և տնտեսության համար ճանապարհային վթարների իրական գինը գնահատելու հարցում: Այն կիրականացվի վթարների վերաբերյալ տվյալների հավաքման և կառավարման արդի միասնական համակարգի միջոցով ճանապարհային երթևեկության անվտանգության բոլոր շահագրգիռ կողմերի միջև կապի ստեղծմամբ, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության կառավարման կարողությունների զարգացմամբ:

«Ծրագրով նաև դրվում է «Անվտանգ գյուղ» ծրագրին աջակցությունը շարունակելու նպատակ՝ ճանապարհների անվտանգությանն ուղղված փոքր շինարարական աշխատանքների, դպրոցների, մանկապարտեզների և համայնքային կենտրոնների շրջակայքում երթևեկության կարգավորման միջոցառումների եղանակով՝ դրանք համակցելով համայնքային մակարդակով իրազեկման բարձրացման արշավների հետ»,- հավելել է Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Նարգիզ Ռիսկուլովան:- «Այսօրվա դրությամբ 66 համայնքում իրականացվում է անվտանգ գյուղի նախագիծ: Ակնկալում ենք, որ մինչև 2019թ. ավարտն անվտանգ նախագծերի թիվը կհասնի 84-ի»։ 

Ընթացիկ ծրագրի իրականացումը լավ է առաջ ընթացել: Առաջարկվող լրացուցիչ ֆինանսավորմամբ ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը կավելանա մինչև 450կմ, որից 299կմ-ն արդեն վերականգնվել է:

2009թ.-ի առաջին «Կենսական նշանակության ճանապարների բարելավման» ծրագրի (ԿՆՃԲԾ) մեկնարկից ի վեր՝ նկատելիորեն բարելավվել է տեղական զբաղվածությունը, միջինում 40%-ով նվազել է ուղևորության ժամանակը, իսկ երկրում ընդհանուր առմամբ արդիականացվել են 433 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ:

Մայր ծրագրի շրջանակում արդեն նախապատրաստվել են ծրագրի առաջին տարվա՝ Արարատի, Սյունիքի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 27կմ ընդհանուր երկարությամբ յոթ ճանապարհահատվածների մանրամասն նախագծերը: Մնացած 34կմ ճանապարհահատվածները կնախագծվեն ամռանը և կիրականացվեն հինգ մարզերում:

Սույն ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 16.75 միլիոն եվրո է, որից 3.35 միլիոն եվրոն կառավարության մասնակցությունն է: Համաշխարհային բանկը 13.4 միլիոն եվրոն (համարժեք է 15 միլիոն ԱՄՆ դոլարին) կտրամադրի ՎԶՄԲ փոփոխական սպրեդով վարկի միջոցով, որի արտոնյալ ժամկետը 14.5 տարի է, իսկ ընդհանուր մարման ժամկետը՝ 25.5 տարի:

1992թ.-ին Համաշխարհային բանկին և 1993թ.-ին ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր՝ Հայաստանին ուղղված հատկացումների ընդհանուր գումարը կազմել է մոտավորապես 2․379․734 միլիոն ԱՄՆ դոլար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս