Գագիկ Ծառուկյանի «ինքնախոստովանական ցուցմունքը» պահանջում է էթիկայի հանձնաժողով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «արդարացի մտահոգություններն ու ողջամիտ կասկածները» փարատելու համար հրապարակային պարզաբանումներ ներկայացնելու կոչին։
Գ. Ծառուկյանն անհամաձայնություն է հայտնել Ա.Միրզոյանի գնահատականներին՝ հայտարարելով, որ իր գործունեությունը համապատասխանում է «օրենքի տառին ու ոգուն»: Ըստ Ծառուկյանի՝ իր բաժնեմասերը գտնվում են հավատարմագրային կառավարման ներքո, որի պայմանագիրը կնքել է 2017թ.՝ 5 տարի ժամկետով, ներդրողների հետ հանդիպման մասին իր հայտարարությունը չի կարող նույնացվել անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ, ցեմենտի գործարանի աշխատակիցների հետ հանդիպել է սեփականատիրոջ կարգավիճակով, իսկ հանդիպման ժամանակ կայացված սեփականատիրոջ շահերից չբխող, տնօրենների խորհրդի որոշմանը հակասող որոշումը զուտ «մարդասիրության հերթական դրսևորում էր»:
ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը, ով Գ.Ծառուկյանի հարցով դիմել էր ԱԺ նախագահին ու գլխավոր դատախազին, ԲՀ ղեկավարի այս գրությունն «ինքնախոստովանական ցուցմունք» է անվանել։ Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է ստեղծել էթիկայի հանձնաժողով ու դրա եզրակացության հիման վրա գործն ուղարկել ՍԴ։
Այժմ հերթը խորհրդարանի մեծամասնությանն է. ի՞նչ կորոշի «Իմ քայլը» խմբակցությունը, կնախաձեռնի՞ էթիկայի հանձնաժողովի ձևավորում։
«168 Ժամի» հետ զրույցում «Իմ քայլի» պատգամավոր, իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ էթիկայի հանձնաժողովի ստեղծման հարց խմբակցությունում դեռևս չեն քննարկել, և վերջնական պաշտոնական տեսակետ չկա։
«Անձամբ ես կարծում եմ, որ լավ կլիներ, ի վերջո, ցանկացած խմբակցություն, այդ թվում՝ մեր խմբակցությունը, հանդես գա նման նախաձեռնությամբ, քննարկի հարցը, և էթիկայի հանձնաժողովը, որպես օրենքով նախատեսված մարմին, քննության առնի շահերի բախման իրավիճակում քվեարկելու հարցը»,- ասաց Հ. Տիգրանյանը։
Նա ողջունեց, որ բիզնեսը հանձնված է հավատարմագրային կառավարման։ Սակայն, ըստ նրա, Ծառուկյանի գրավոր բացատրության մեջ ուղղակի և անուղղակի ակնարկ կա, որ, թեև տվել է հավատարմագրային կառավարման, բայց ազդեցությունը կառավարման խորհրդի վրա չի չեզոքացվել, որովհետև հստակ նշված է, որ ցեմենտի գին է իջեցրել՝ ի հեճուկս կառավարման խորհրդի որոշման.
«Սա, կարծում եմ, այնպիսի ձևակերպում է, որ ի վնաս պարոն Ծառուկյանի է խոսում, որովհետև հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո, թե ինչպես այն կկառավարվի, դրա վրա որևէ ազդեցություն նա չպետք է ունենար։ Այսինքն՝ իրավաբանորեն տալով հավատարմագրային կառավարման, նա շարունակում է ազդեցություն գործել, բայց դա մեկնաբանում է՝ որպես օգնություն տնտեսական հեղափոխությանը կամ աշխատողների շահերին։ Կարծում եմ՝ սա այն դեպքը չէ, որ նպատակը պետք է արդարացնի միջոցը»։
Հ. Տիգրանյանը համաձայն չէ Ս.Սահակյանի պնդմանը, որ անհրաժեշտ է Սահմանադրության 95-րդ հոդվածը մեկնաբանել՝ հասկանալու համար, թե ինչ օրենքներ է պետք փոխել, որպեսզի բիզնեսն ու պետական կառավարման համակարգը, ի վերջո, տարանջատվեն։
Պատգամավորի կարծիքով՝ խնդիրը ոչ թե 95 հոդվածի մեջ է, այլ՝ իրավակիրառ պրակտիկայով և այլ օրենքներով դրա տված մեկնաբանության։ Հ. Տիգրանյանը նշեց, որ «Հանրային ծառայության մասին» օրենքը մանրամասնում է սահմանադրական այդ նորմը և թվարկում ձեռնարկատիրական գործունեության տեսակները, իսկ ինչը դրանից դուրս է, չի դիտում այլևս որպես ձեռնարկատիրական գործունեություն։
Հ. Տիգրանյանն ընդգծեց ցեմենտի մասին օրենքի հետ կապված շահերի բախման իրավիճակը. «Ակնհայտ էր և ամբողջ խմբակցությունը ցույց տվեց, որ իրենք շահագրգիռ են այս հարցում, ինչը նշանակում է, որ, եթե դու անմիջական կառավարում չես իրականացնում, բայց սեփականատեր ես մի ոլորտում, որի հետ կապված ընդունվում է օրենք, որից բարենպաստ ռեժիմ պետք է լինի քո բիզնեսի համար, ապա դու ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն և ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքի մասին օրենքի համաձայն՝ պետք է չմասնակցես ո՛չ հարցի քննարկմանը, ո՛չ քվեարկությանը։
Մինչդեռ եղան և՛ մասնակցություն, և՛ առաջարկություններ, և՛ քվեարկություն։ Այստեղ ակնհայտ շահերի բախման իրավիճակ կա, ինչն արդեն իսկ օրենքի խախտում է։ Բայց այդ հարցերի պատասխան տվողը պետք է լինի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը»։
Տեսակետը, թե ԿԸՀ-ն չպետք է ընդուներ գործարար-թեկնածու Ծառուկյանի փաստաթղթերը, Հ.Տիգրանյանի զարմանքն են հարուցել. «Ինձ շատ զարմացնում է այդպես իրականությունը ոտքի վրա շուռ տալը և ասելը, որ մենք հակառակ կողմից ենք գալիս՝ եթե նա լիներ բիզնեսմեն, ապա ԿԸՀ-ն նրան չէր գրանցի։ ԿԸՀ-ն իրավունք չունի թեկնածուին չգրանցել, որովհետև Սահմանադրության 95 հոդվածն ասում է, որ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ոչ թե թեկնածուն։ ԿԸՀ-ն իր լիզորություններից դուրս կգար, եթե նրան չգրանցեր։ Ընտրված թեկնածուն միայն մանդատը վերցնելուց հետո մեկամսյա ժամկետում պետք է բիզնեսը հանձնի կառավարման»։
ԲՀԿ-ականների պնդումները, թե Նիկոլ Փաշինյանն արդեն տվել է Ծառուկյանի կարգավիճակի ձևակերպումը, որ նա խոշոր սեփականատեր է, «Իմ քայլի» պատգամավորը նշեց, որ դա ասվել է այն համատեքստում, թե արդյո՞ք Ծառուկյանն օլիգարխ է, և Փաշինյանն ասել է, որ սեփականատեր է այնքանով, որքանով, որ չի մասնակցում «օլիգարխ» բառի իմաստով իշխանության ու բիզնեսի միահյուսմանը.
«Այսինքն՝ իշխող կուսակցության մարմիններում չէ և միավորված չեն իշխանությունն ու բիզնեսը։ Վարչապետի խոսքն այդ կոնտեքստում է եղել և հիմա շահարկվում է, թե Փաշինյանն է նրան ճանաչել որպես սեփականատեր։ Դա լրիվ այլ կոնտեքստով այլ հարցի պատասխան է եղել»։
Կա՞ Ծառուկյանի գործողություններում օրենքի խախտում, թե՞ չկա, այս պահին քննում է նաև Հատուկ քննչական ծառայությունը։ ՀՔԾ-ից մեզ տեղեկացրին, ՔՈ-ի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործ դեռևս չի հարուցվել, բայց ընթանում է նյութերի նախապատրաստման փուլը։