Բաժիններ՝

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը նամակով դիմել է վարչապետի աշխատակազմին՝ հասկանալու, թե ինչ եղան վարչապետի կարգադրությունները

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի հարցը դեռ չի լուծվել, այդ պատճառով էլ երգչախումբը հոկտեմբերից դադարեցրել է պարապմունքները, չեղարկել բազմաթիվ շրջագայություններ և ծրագրեր։

168.am-ի հտ զրույցում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը նշեց, որ մայիսի 11-ին լրանում է Արամի 23 հասցեում գտնվող պատմական հուշարձանի փլուզման չորս ամիսը, դեռ հունվարին, երբ փլուզվել էր շենքը, Կառավարությունն «ափալ-թափալ» ժողով էր հրավիրել  և որոշել, որ երգչախմբին տարածք կհատկացնի, բայց մինչև օրս ոչինչ էլ չի արվել։

Հիշեցնենք, որ «Հին Երևան» ծրագրի շրջանակներում Արամի 23 հասցեում շինարարություն է իրականացնում շվեյցարահայ Վարդան Սերմաքեշը, այդ տարածքում կառուցում է ստորգետնյա ավտոկայանատեղի և հյուրանոց։

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին պատկանող շինության պատը, որը վթարային էր, հունվարին փլուզվեց, դրանից ամիսներ առաջ երգչախումբը պարապմունքները դադարեցրել էր։

Կարդացեք նաև

«Որոշել էին, որ Մաշտոցի փողոցում բնակարան կվարձեն, որպեսզի մենք վերսկսենք մեր պարապմունքները, մինչև շենքի հարցը լուծվի։ Բնակարանը վարձակալել էին երեք ամսով, բայց բնակարանատերը պահանջում էր, որ այն երկարաժամկետ վարձակալեն, ինչի պատճառով դա էլ չեղարկվեց, հիմա որևէ տարածք չունենք։ Բոլորը բանավոր խոսք են տալիս, ինչ-որ բաներ կիսատ-պռատ անում, ու մենք այսպես մնացել ենք»,- ասաց Տիգրան Հեքեքյանը։

Նա տեղեկացրեց, որ նամակով դիմել են վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ հասկանալու համար, թե ինչ է սպասվելու իրենց, քանի որ ոչնչանում է երկու արժեք՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը և Արամի 23 հասցեում գտնվող պատմական հուշարձանը։

«Վարչապետը կարգադրել էր, որ այս անեն, այն անեն, հիմա անցել է չորս ամիս՝ ի՞նչ եղան այդ կարգադրությունները։ Հիմա, եթե այդ պատի մի մասը մնացել է, դա էլ է փլվելու։ Մենք լրիվ հայտնվել ենք քաշքշուկի մեջ։ Որոշել ենք ամսի 11-ին հանդես գալ մամուլի ասուլիսով այդ խնդիրները ևս մեկ անգամ բարձրաձայնելու համար»,- նշեց Տիգրան Հեքեքյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս