Բաժիններ՝

Ավտոգազը թանկացել է մոտ 20 դրամով, ինչո՞ւ պետությունը մեկ գին չի որոշում

Մայիսի 1-ից հանրապետության ամբողջ տարածքում գազալցակայանների հաշվիչ սարքերի չափման միավորը խորանարդ մետրից կիլոգրամ դարձավ:

168.am-ը փորձեց հատկապես տաքսու վարորդներից, ովքեր ավելի շատ են մեքենա վարում, հետաքրքրվել՝ այս փոփոխությունը դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն է ունեցել:

«Կիլոգրամը տատանվում է 270-300-ի սահմաններում: 300 դրամ՝ 1 կիլոգրամի համար, սա արդեն նշանակում է, որ գազը թանկացել է մոտ 20 դրամով: Ինձ թվում է՝ գազալցակայաններում շարունակում են նաև խաբել։ Վստահ չեմ, որ կշեռքները չեն խաբում: Բարձր է նաև գազի ջերմությունը. 27-28-ի փոխարեն՝ 30 և ավելի բարձր է հանդիպում»,- ասաց վարորդներից մեկը:

«Ընդհակառակը, գինն իջել է, ճնշումն են քչացրել, ինչը նշանակում է, որ նախատեսվածից քիչ կարող ես քշել: Ես հավասար եմ քշել: Նախկինում վճարում էի 3500 դրամ, հիմա՝ 3000»,- նշեց մյուսը:

«Տեսեք, նախկինում 1.8 բալոնը խորանարդ մետրի դեպքում եթե 220 դրամով հաշվենք, ջերմաստիճանն էլ կարծեմ 29 աստիճան՝ վճարում էի 4000 դրամ, իսկ կիլոգրամի դեպքում, եթե 300 դրամով հաշվենք, ապա վճարել եմ 3500 դրամ, ջերմաստիճանը՝ 30: Էժան է լինում, բայց քիչ եմ քշում»,- հավելեց վարորդներից մեկը:

Մեկ այլ տաքսու վարորդ էլ՝ խոսելով տարածված խոսակցությունների մասին, թե ոնց որ էլի խաբում են՝ նկատեց. «Առաջին անգամ կիլոգրամով լցրեցի՝ սովորականից 800 դրամ քիչ կազմեց գումարը, տեսնենք՝ ինչքան կկարողանամ վարել: Նախկինում, եթե միջինը 4500 դրամի էի լցնում ու քշում էի, ասենք, 95 մղոն, կիլոգրամի դեպքում գումարը կազմեց 3600 դրամ ու քշեցի 102 մղոն: Ես գոհ եմ, այն ժամանակվանից ավելի լավ են լցնում: Չեմ կարծում, որ խաբում են, հիմա ավելի դժվար է դա լինելու: Կշեռքի դեպքում ստուգաչափումով միանգամից կբռնվեն»։

Վարորդներն ասացին, որ չեն հասկանում, թե ինչո՞ւ են տարբեր գազալցակայաններում տարբեր գներ:

«Ուղևորին մարզ էի տանում ու մի բան նկատեցի. 20-40 դրամով գազի գինը տարբերվում է: Բոլորս գիտենք, որ գազալցակայանները «Գազպրոմ Արմենիայից» են գազ գնում նույն գնով, բայց ինչո՞ւ են գները տարբեր, ինչո՞ւ պետությունը մեկ գին չի որոշում: Ասենք, Երևանում 270-300 դրամ է, բայց Արմավիրում՝ 250-260, դա ո՞նց են բացատրում: Ավելին՝ մի գազալցակայանի գազն ավելի շատ է քշվում, քան մյուսինը՝ նույն գնի դեպքում, այնինչ, իմ կարծիքով՝ պետք է տարբերություն չլինի, թե որ գազալցակայանից ենք լիցքավորում»,- եզրափակեց վարորդը:

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Ազգային ժողովը 103 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում էր գազալցակայաններին։ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ԱԺ արտահերթ նիստում օրինագիծը ներկայացնելով՝ տեղեկացրեց, որ իրենք առաջարկում են փոփոխել ակցիզային հարկով հարկման նպատակով սեղմված բնական գազի իրացման ծավալները հաշվառող չափման միավորը։ Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակը ռիսկային էր՝ սպառողների շահերի պաշտպանության ու գազը թերակշռելու առումով։

Այս փոփոխությունը, ըստ կառավարության ներկայացուցչի, կատարել են գիտականորեն ընդունելի խտության գործակցով՝ 0.717։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս