Նիկոլ Փաշինյանը թյուրիմացության մեջ է. Բյուջեի եկամուտների գերակատարումներ բազմիցս եղել են
Կառավարությունն ակնկալում է այս տարվա պետական բյուջեի եկամուտները գերակատարել 40 մլրդ դրամով։ Ոչինչ, որ այն շատ հեռու է մինչև վարչապետ դառնալը բյուջեն 30 տոկոս ավելացնելու՝ Նիկոլ Փաշինյանի ժամանակին տված խոստումից, այլև այնպիսին չէ, ինչպիսին փորձ է արվում ներկայացնել։
«Սա վերջին առնվազն 9 տարիների համար աննախադեպ երևույթ է, որովհետև նախկինում չենք ունեցել իրավիճակ, երբ բյուջեի եկամուտները գերակատարվել են, այն էլ՝ այսպիսի ծավալով»,- ասում է վարչապետը։
Թե Նիկոլ Փաշինյանը որքանո՞վ է անկեղծ իր հայտարարություններում, բազմիցս տեսել ենք ու լսել։ Դրանում դժվար չէ համոզվել ևս մեկ անգամ։
Բացի այն, որ բյուջեի եկամուտների դեռևս սպասվող գերակատարումն աննախադեպ չէ, այլև նախկինում բազմիցս արձանագրվել են նման դեպքեր։ Ընդ որում, փաստացի գերակատարումները գրեթե համադրելի են եղել Նիկոլ Փաշինյանի հայտարարած դեռևս սպասվող ցուցանիշին, իսկ զուտ տոկոսային հարաբերությամբ առանձին տարիներին նույնիսկ գերազանցել են այն։
Հնչեցված 40 մլրդ դրամը, որը կազմում է բյուջեի եկամուտների ընդամենը 2,7 տոկոսը, ոչ մի կերպ չի տեղավորվում աննախադեպ լինելու բնորոշման մեջ։ Դրանում համոզվելու համար բերենք 2010թ. հետո առանձին տարիներին գրանցված բյուջեի եկամուտների գերակատարման ցուցանիշները։
Այսպես` եթե 2019թ. սպասվող հավելյալ մուտքերը կազմում են բյուջեի պլանավորված հարկային եկամուտների 2,7 տոկոսը, ապա 2010 թ. ավելի հավաքված գումարն ի սկզբանե նախատեսված ցուցանիշը գերազանցել է 5,2 տոկոսով։
Հիմա ո՞րն է վարչապետի ասած աննախադեպ գերակատարումը` 2010թ., թե այս տարի սպասվողը։
Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե դա եզակի դեպք է, բերենք նաև հաջորդ մի քանի տարիների արդյունքները։
2011թ. բյուջեի եկամուտները պլանավորվածի համեմատ գերակատարվել են՝ 3,3, 2012թ.` 3,8, 2013թ.` 3,7 տոկոսով։ Ակնհայտ է, որ բոլոր դեպքերում այն շատ ավելի բարձր է եղել, քան ընթացիկ տարում սպասվող 2,7 տոկոսը։
Այդ տարիներին նախատեսվածի համեմատ փաստացի ավելի է հավաքվել 2010թ.` 38,3 միլիարդ, 2011թ.` 28,4 միլիարդ, 2012թ.` 34,5 միլիարդ, 2013թ.` 38,5 մլրդ դրամ։ Բյուջեի մուտքերն իշխանափոխությանը նախորդած տարում` 2017թ., գերակատարվել են 2,3 տոկոսով կամ 27,8 մլրդ դրամով։
Ի դեպ, անցած տարի ևս մուտքերի գերակատարում է արձանագրվել։ Խոսքը ոչ թե ճշգրտված պլանի, այլ բյուջեով ի սկզբանե նախատեսվածի մասին է։ Ու չնայած ստվերային տնտեսության դեմ սկսված անողոք պայքարին, ցուցանիշը շատ ավելի համեստ է եղել, քան նախորդ տարիներին։ Բյուջեով պլանավորվածի դիմաց ավելի է հավաքվել ընդամենը 9,6 մլրդ դրամ։
Եթե «աննախադեպ» ասելով՝ վարչապետը նկատի ունի փաստացի հավաքված գումարները, ապա պետք է իմանա, որ համեմատում են համադրելի ցուցանիշները։ Այս դեպքում այդպիսին է գերակատարումների տեսակարար կշիռը նախատեսվող եկամուտների նկատմամբ։
Անշուշտ, հասկանալ կարելի է վարչապետին։ Ժամանակին հասարակության մեջ ձևավորված սպասումները ոչնչով չեն արդարանում։ Ուստի մնում է նման հայտարարություններով տպավորություն ստեղծել, թե իր կառավարությանը հաջողվում է այնպիսի աննախադեպ արդյունքներ ապահովել, ինչպիսին չէին կարողանում անել նախկին հանցավոր իշխանությունները։ Այլ բան, թե այդ հայտարարություններից ինչ է շահում հասարակությունը։ Մարդիկ սպասում են իրական փոփոխությունների, և ոչ թե՝ դատարկ խոստումների, ինչը մինչև հիմա անում է կառավարությունը։ Բնավ զարմանալի չէ, որ նույն տրամաբանության մեջ են նաև Նիկոլ Փաշինյանի մյուս հայտարարությունները։
Որ զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելուց բացի, ակնկալվող եկամուտների գերակատարումից 10 մլրդ դրամը պիտի ուղղվի սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, անշուշտ, ողջունելի է։ Գուցե վարչապետը տեղյակ չէ, բայց դա չի նշանակում, թե նախկինում նման հատկացումներ չեն արվել, և այն, ինչ ասվում է, նոր երևույթ է։
2017թ. բյուջեով համայնքներում սուբվենցիոն ծրագրերին տրամադրվել է շուրջ 9 միլիարդ, իսկ անցած տարի` 8,7 մլրդ դրամ։ Ու այստեղ կարևորը ոչ միայն հատկացվող գումարի մեծությունն է, այլև այն, թե որքանով է կառավարությունը կարողանում իրականացնել այդ ծրագրերը։
Այս առումով Նիկոլ Փաշինյանի կառավարությունն առայժմ հպարտանալու տեղ չունի։ Մասնավորապես անցած տարի հաջողվեց իրացնել այդ նպատակին հատկացված գումարների ընդամենը 18-19 տոկոսը։ Եթե պիտի այս տեմպով շարունակվեն աշխատանքները, ապա որևէ նշանակություն չունի, թե որքան գումար կհատկացվի սուբվենցիոն ծրագրերին։
Նախատեսվող հավելյալ ծախսերը, իհարկե, դեռ սպասումների մակարդակում են։ Ամեն ինչ կախված կլինի ակնկալվող լրացուցիչ 40 մլրդ դրամից։ Բայց տնտեսությունը գոնե այս պահին դրա համար մեծ հույսեր չի տալիս։
Մնում է ստվերային եկամուտների հարկումը։ Այստեղ էլ հիմնական հույսը ՀԴՄ կտրոններն են, որոնց ավելացման մասին պարբերաբար հիշեցնում է վարչապետը` մոռանալով, որ տպված կտրոնների քանակը դեռ հիմք չէ ավելի մուտքերի համար։ Կտրոններն ընդամենը թղթի կտոր են և ուրիշ ոչինչ։ Անհրաժեշտ է, որպեսզի ավելանա ոչ թե կտրոնների քանակը, այլ շրջանառությունը։
Զարմանալի չէ, որ վարչապետը խուսափում է հրապարակել շրջանառությունները։ Դրա համար նա հավանաբար պատճառ ունի։ Իրականությունն այն է, որ չնայած անցած տարի տպված կտրոնները մի քանի տասնյակ միլիոնով ավելացան, այնուհանդերձ այդպես էլ չհաջողվեց կատարել պետական բյուջեի ճշգրտված պլանը։ Այնպես որ, պետք չէ մեծ հույսեր կապել տպվող կտրոնների ավելացման հետ, առավել ևս այն ներկայացնել՝ որպես լուրջ ձեռքբերում։
Ժամանակն է սթափ մտածել և իրավիճակից բխող քայլեր ձեռնարկել։ Բյուջեի եկամուտների երկարաժամկետ ավելացման հիմնական աղբյուրը տնտեսությունն է։ Ուստի պետք է փորձել ակտիվություն մտցնել տնտեսության մեջ։
Ցավոք, այս առումով առայժմ անհնարին է խոսել անգամ նվազագույն ձեռքբերումների մասին։ Հեղափոխության ճանապարհը բռնած տնտեսությունը մնացել է այնպիսի ոլորտների հույսին, որոնց հետ կապված՝ մեծ սպասելիքներ դժվար է ունենալ։ Տնտեսության իրական հատվածում, որը պետք է իր հետևից քաշի նաև մյուս ճյուղերը, բացարձակ անորոշություն է` անգամ իշխանափոխությունից մեկ տարի հետո։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ