«Գագիկ Ծառուկյանն անձամբ կարձագանքի Արարատ Միրզոյանին»

Ազգային ժողովում «ցեմենտային» կրքերը շարունակում են բորբոքվել: Նախօրեին խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին գրություն է ուղարկել՝ նրան հիշեցնելով, որ ԱԺ պատգամավորն իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, և պահանջելով պարզաբանումներ Ծառուկյանի հայտարարությունների կապակցությամբ:

Միրզոյանը նշել է, որ ցեմենտի տուրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ ԱԺ նիստում Ծառուկյանի ելույթում և հարցազրույցներում հնչած հայտարարություններն ԱԺ գործընկերների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լայն հանրության շրջանում «արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ են առաջացրել» խմբակցության ղեկավարի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ:

«Խնդրի շուրջ հրավիրվել է իրավապահ մարմինների ուշադրությունը, ինձ ուղղվել է առաջարկ՝ Ազգային ժողովում ձևավորել խնդիրն ուսումնասիրող էթիկայի հանձնաժողով։

Նկատելով, որ գործող իրավակարգավորումները լայն քաղաքական հայեցողություն են սահմանում էթիկայի հանձնաժողովի ստեղծման և գործունեության առումով և կարող են տարատեսակ շահարկումների տեղիք տալ, ինչպես նաև հանգամանքը, որ նման հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը դուրս է Ազգային ժողովի նախագահի լիազորություններից, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Դուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք խնդրի վերաբերյալ»,- գրել է Ա.Միրզոյանը՝ հորդորելով այսուհետ առավել հետևողական և ուշադիր լինել պատգամավորի շահերի բախման իրավիճակների համար սահմանված կարգավորումներին հետևելու առումով։

Կներկայացնի՞ արդյոք Գ.Ծառուկյանը պարզաբանումեր, թե՞ այլ կերպ կարձագանքի այս գրությանը, դեռևս պարզ չէ: Սակայն ԲՀԿ-ականները վստահեցնում են՝ արձագանք կլինի:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հակիրճ հայտարարեց. «Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում ինքն անձամբ կարձագանքի Արարատ Միրզոյանի նամակին»:

Այս օրերի ընթացքում ԲՀԿ-ական պատգամավորները բազմիցս հայտարարել են, որ Ծառուկյանի մոտ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է՝ պարտադիր հիշեցնելով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ Հայաստանում օլիգարխներ չկան, իսկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է: «Ոչ մեկի համար, կարծում եմ, գաղտնիք չէ, որ պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է»,- ասել էր Փաշինյանը։

Ծառուկյանի հետաքրքրությունը ցեմենտի հարցում ԲՀԿ-ականները հիմնավորել են՝ որպես զուտ գործարանի աշխատակիցների դիմումին արձագանք:

Կարիք կա՞ արդյոք էթիկայի հանձնաժողովի ստեղծման: «168 Ժամի» այս հարցին ի պատասխան՝ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը պատասխանեց, որ առայժմ դրա մասին չի մտածում:

«Այն, որ խնդիրն ուշադրության կարիք ունի, դա՝ անխոս, բայց էթիկայի հանձնաժողովի կարիք կա՞, թե՞ ոչ, այս պահին ես չեմ կարող պատասխանել»,- ասաց Բ.Թունյանը՝ հորդորելով սպասել ցեմենտի խնդրի շուրջ աշխատանքային խմբի քննարկումների ավարտին, որի ընթացքում, հնարավոր է, նաև այդ հարցն առավել հստակեցվի:

Ցեմենտի հարցով աշխատանքային խմբի առաջին փակ քննարկումն ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կայացավ երեկ՝ կառավարության, խորհրդարանի ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ։ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները, ինչպես հայտարարել էին, չմասնակցեցին հանդիպմանը: Սակայն «Արարատցեմենտի» շահերը ներկայացնում էր անձամբ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ղեկավար Սեդրակ Առուստամյանը։ Քննարկումը բավականին թեժ էր:

Տեսանյութեր

Լրահոս