
Հնդկաստանում ցիկլոնի պատճառով չեղարկում են գնացքների չվերթերը և փակում օդանավակայանները

Հնդկաստանի երկաթուղիների նախարարությունն իրազեկել է Օդիշա արեւելյան նահանգի տարածքով անցնող ավելի քան 220 գնացքների չվերթերի չեղարկման մասին, նահանգ, որտեղ մոլեգնում է «Ֆանի» հզոր ցիկլոնը:
Ինչպես հայտնել է The Economic Times թերթը, Հնդկաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է Բհուբանեշվար քաղաքի օդանավակայանը փակելու մասին, մայիսի 3-ին փակ կլինի նաեւ Կալկաթայի օդանավակայանը:
Օդիշայի (երբեմն հանդիպում է Օրիսա հին անվանումը) իշխանությունները տարահանել են ավելի քան 1 միլիոն մարդու: Նրանց ուղարկել են ծովափից հեռու ժամանակավոր տեղավորման ճամբարներ:
«Ֆանի» ցիկլոնը նահանգ է հասել Բենգալական ծոցի կողմից: Օդերեւութաբանների տվյալներով՝ այն իր հետ բերում է տեղատարափներ եւ ուժգին քամի, որի պոռթկումները հասնում են ժամում 200 կիլոմետրի:
Սպասվում է, որ ցիկլոնը կարող է հասնել հարեւան Անդհրա Փրադեշի եւ Արեւմտյան Բենգալիայի նահանգների որոշ շրջաններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: